Մատչելիության հղումներ

Թե' Հայկ Բաբուխանյանը, թե' Արամ Սիմոնյանը սխալվում են. Լարիսա Մինասյան


Ցավոք, թե՛ Հայկ Բաբուխանյանը, ավելի ցավոք, թե՛ Արամ Սիմոնյանը սխալվում են, որ երիտասարդները որևիցե աջակցություն են ստացել հիմնադրամից, «Ազատության» հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ արձագանքելով Հայկ Բաբուխանյանի և Արամ Սիմոնյանի այն պնդումներին, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ֆինանսական աջակցություն ու հանձնարարություն են ստանում հիմնադրամից։

Լարիսա Մինասյանն ասաց, դժվար չէ ճշտելը՝ ֆինանսական աջակցություն եղել է, թե՝ ոչ, քանի որ ֆինանսավորումը հաստատելուց, պայմանագիրը ստորագրելուց երկու օր հետո, հիմնադրամն իր պաշտոնական կայքէջում ֆինանսական հաշվետվություն է հրապարակում։

«Փաստերը կան, փաստերը ժխտել դժվար է, մանավանդ այնպիսի պարզ փաստեր, ինչպիսիք են՝ եղե՞լ է ֆինանսավորում, թե՞՝ չի եղել ֆինանսավորում մի հիմնադրամի մասին, որը որ ֆինանսավորումը հաստատելուց երկու օր հետո, պայմանագիրը ստորագրելուց երկու օր հետո այդ տվյալները՝ թե ում է տրվել, ինչքան է տրվել և ինչ գործողության համար, հրապարակում է իր կայքէջում և ամենամյա հաշվետվություններ է իրականացնում», - ասաց Մինասյանը։

Հիմնադրամի տնօրենն ընդգծեց՝ վտանգավոր է, երբ գիտնականը փաստերին այդպես թեթև է մոտենում։

«Բոլորը կարող են սխալվել, ինձ համար դա չէ ամենամեծ ցավը, ցավը, որ ակնարկվել է, որ երիտասարդը հանրային շահը, ինչպես նա հասկանում է, այդ հանրային շահը, գիտության պաշտպանությունը, ինչ-որ սկզբունքների պաշտպանությունը կարող է անել միայն գումար ստանալու դիմաց, հանձնարարություն ստանալու դիմաց և դա կարող է անել միայն դրսից հանձնարարություն ստանալու դիմաց՝ ինչ-ինչ ուժերի համար։ Իհարկե, վտանգավոր է, երբ գիտնականը փաստերին այդպես թեթև է մոտենում, բայց էլ ավելի վտանգավոր է, երբ գիտության ամենակարևոր օջախներից մեկը, գիտության, կրթության օջախներից կառավարողներից մեկն այդ կոնսպերատիվ տեսությունների տեղիք է տալիս և այդքան ցածր է գնահատում անձի արժանապատվությունը պաշտպանելը, անձի իրավունքը, հանրային շահը բարձրաձայնելը և պաշտպանելը», - ասաց Մինասյանը՝ նշելով, որ հատկապես զարմացած է Արամ Սիմոնյանի հայտարարությունից։

«Անձամբ Արամ Սիմոնյանը պետք է լավատեղյակ լիներ հիմնադրամի գործունեությունից, որովհետև հիմնադրամը երկար տարիներ աշխատել է այդ կառույցի հետ՝ 1 միլիոն 40 հազար, դա ամենակոնսերվատիվ հաշվարկով, ուղղակի գումար է տվել այդ կառույցին՝ տարբեր ծրագրերի համար՝ զարգացման, կրթական և այլ», - ասաց Մինասյանը:

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ «Հանաուն գիտության զարգացման» նախաձեռնությունը 20 հազար դոլար դրամաշնորհ է ստացել հիմնադրամից՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ օրերս «Ազատության» հետ զրույցում՝ խոսելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կրկին հացադուլ սկսած անդամներից, մասնավորապես, ասաց. - «Երեկ չէ առաջի օրը, կարծեմ, եկել են Լեհաստանից, Սորոսի այդ հայտնի կազմակերպության համաժողովից: Բնականաբար, երևի ինչ-որ առաջադրանքներ են ստացել: Եվ եկել են առավոտյան, մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը և հացադուլ են անում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG