Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տուգանել է թե Հայաստանին, թե Ադրբեջանին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

2017 թ. դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց վճիռներ երկու համանման դատական հայցերի վերաբերյալ. մեկն ընդդեմ Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի: Զարմանալի չէ, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրելով հայտնեց միայն Հայաստանի դեմ կայացված վճռի մասին, իր ընթերցողներից թաքցնելով այն փաստը, որ նման մի վճիռ էլ կայացվել է Ադրբեջանի դեմ:

Նախկին Խորհրդային Ադրբեջանի Շահումյանի շրջանի (Հյուսիսային Արցախ) Գյուլիստան գյուղից փախստական Մինաս Սարգսյանը 2006 թ. օգոստոսի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց ներկայացրեց ընդդեմ Ադրբեջանի: Սարգսյանն ու նրա ընտանիքը 1992 թ. Արցախյան հակամարտության ժամանակ ստիպված էին փախչել՝ լքելով իրենց տունն ու այգին: 2009 թ. Մինաս Սարգսյանը մահացավ Երևանում: Նրա այրին, որդին և երկու դուստրերը շարունակեցին դատական գործը: Իսկ 2014 թ. իրենց մոր մահից հետո, որդին և դուստրերից մեկը հետևեցին դատավարությանը: Սարգսյանների ընտանիքը փոխհատուցում պահանջեց իր սեփականության կորստի համար:

2010 թ. մարտի 11-ին ՄԻԵԴ-ը գործը հանձնեց Մեծ պալատին, որը մերժելով Ադրբեջանի կառավարության կողմից տարբեր առարկություններ, 2015 թ. հունիսի 16-ին որոշեց, որ Սարգսյանների ընտանիքը իրավունք ունի փոխհատուցում ստանալ իրենց գույքի կորստի համար: Սակայն, մինչև 2017 թ. դեկտեմբեր 12-ը գումարի մասին ոչինչ չէր որոշվել, երբ Մեծ պալատը վճռեց, որ Ադրբեջանը պետք է Սարգսյաններին վճարի 5000 եվրո փոխհատուցում Գյուլիստանի իրենց գույքի համար և 30 հազար եվրո դատական ծախսերի համար:

Դատարանը ընդգծեց, որ Մեծ պալատը 2015 թ. իր որոշման մեջ երկու հակամարտող հանրապետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին խնդրել էր ներկայացնել իրենց դիտարկումները և ծանուցել Դատարանին, թե արդյոք նրանք ձեռք են բերել փոխհամաձայնություն Արցախյան հակամարտության շուրջ: Երկու հանրապետությունները, քաղաքական լուծման չհասնելով, ճանաչվեցին պատասխանատու փախստականների սեփականության կորուստների համար: Դատարանը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը 2002 թ. Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց առաջ պարտավորվել էին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Քանի որ նրանք հակամարտության հարցում լուծում չէին գտել, Դատարանը պարտավոր էր դրամական փոխհատուցման չափ որոշել փախստականների գույքային կորուստների համար:

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կազմված էր 17 դատավորներից եվրոպական տարբեր երկրներից, այդ թվում` Հայաստանից (Արմեն Հարությունյան) և Ադրբեջանից (Լաթիֆ Հուսեյնով): Հետաքրքիր է, որ ադրբեջանցի դատավորը ծանոթություն ավելացրեց որոշման կայացումից հետո՝ նշելով, որ չնայած նա համաձայն չէր իր միանալուց առաջ Մեծ պալատի կայացրած որոշմանը, սակայն այլընտրանք չուներ փոխհատուցում հատկացնելու որոշումը պաշտպանելուց բացի: Հասկանալի է, որ ադրբեջանցի դատավորը փորձում էր իրեն պաշտպանել Ադրբեջանի մեղադրանքներից, որ նա կողմ էր եղել հայ ընտանիքին փոխհատուցում վճարելու որոշմանը:

Զուգահեռ գործով, Ադրբեջանի քաղաքացի վեց քրդեր 2005 թ. ապրիլի 6-ին համատեղ բողոք ներկայացրեցին ՄԻԵԴ՝ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով: Նրանք բողոքեցին, որ հայկական ուժերի կողմից Լաչինի միջանցքը վերցնելու ժամանակ, իրենք ստիպված էին եղել փախչել իրենց տներից, որոնք 1992 թ. Արցախյան հակամարտության ժամանակ գտնվում էին Խորհրդային Ադրբեջանում։

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2015 թ. հունիսի 16-ին, ինչպես «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի դեպքում, որոշեց, որ Հայաստանը պատասխանատու էր Ադրբեջանի վեց քաղաքացիների կրած կորուստների համար: Նրանք միլիոնավոր եվրոների փոխհատուցում էին պահանջել: Սակայն, Մեծ պալատը 2017 թ. դեկտեմբերի 12-ին որոշում կայացրեց, որ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի վեց քաղաքացիներից յուրաքանչյուրին պետք է վճարի 5 հազար եվրո և ընդհանուր 28 642 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսերի համար: Այս անգամ ևս, հայ և ադրբեջանցի դատավորները ՄԻԵԴ-ի Մեծ պալատը ձևավորող 17 դատավորների թվում էին: Նրանք երկուսն էլ կողմ քվեարկեցին որոշմանը:

ՄԻԵԴ-ի համար իրական խնդիրն այն է, թե ինչ անել հարյուր հազարավոր հայ և ադրբեջանցի փախստականների հետ, որոնք փախել են իրենց տներից Արցախյան հակամարտության ժամանակ: Արդյոք, յուրաքանչյո՞ւր փախստական պետք է ստանա 5 հազար եվրո որպես փոխհատուցում և 30 հազար եվրո դատական ծախսերի համար: Մեծ պալատն իր որոշման մեջ նշել է, որ «հակամարտության ընթացքում տեղահանված անձանց կողմից ավելի քան հազար անհատական դիմումներ են ներկայացված Դատարան, կեսից մի փոքր ավելին ուղղված է Հայաստանի դեմ, մնացածը՝ Ադրբեջանի: Այս գործերով հայցվորները ընդամենը մի փոքր մասն են մեկ միլիոնից ավելի անձանց, որոնք հակամարտության ընթացքում ստիպված էին փախչել իրենց տներից և այդ ժամանակից ի վեր չեն կարողացել վերադարձնել իրենց ունեցվածքն ու տները կամ ստանալ որևէ փոխհատուցում իրենց կորուստների համար»:

Միակ լուծումն այն է, որ երբ մի օր Արցախյան հակամարտությունը լուծվի, կարգավորումը կներառի նաև մեծ թվով հայ և ադրբեջանցի փախստականների հիմնախնդրի լուծումը…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG