Մատչելիության հղումներ

Ավստրիայի կառավարության նոր նախաձեռնությունը մտահոգությունների տեղիք է տվել Իտալիայում


Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրց
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրց

Ավստրիայի կոալիցիոն նոր կառավարությունը ցանկանում է ավստրիական անձնագրեր տալ Իտալիայի գերմանախոս քաղաքացիներին, որոնք բնակվում են Հարավային Տիրոլ կոչվող ինքնավար մարզում: Սա մարզի ավստրիական անվանումն է՝ Տիրոլը ավստրիական նահանգներից է՝ Ինսբուրգ կենտրոնով, իսկ Իտալիայի համար սա Ալտո Ադիջե ինքնավար մարզն է:

Ավստրիայի իշխանությունները միաժամանակ ասել են, որ երկքաղաքացիության հարցով կարիք կա խորհրդակցելու Հռոմի հետ, բայց այս նախաձեռնությունը կարող է բացել հարյուր տարվա վերքերը:

Այս շրջանը Ավստրիայից Իտալիային է անցել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1919 թվականի Սեն Ժերմենի հաշտության պայմանագրով: Չնայած հետագայում ջանքեր են գործադրվել այդ շրջանից գերմանախոս բնակիչներին դուրս մղելու, իտալացիներով վերաբնակեցնելու համար, այնուամենայնիվ գերմանախոս բնակիչները դեռ մեծամասնություն են կազմում:

Հռոմը մեծ ինքնավարություն է տրամադրել շրջանին՝ տեղական խորհրդարան, շրջանային կառավարություն ընտրելու իրավունք, շռայլ հատկացումներ է կատարել, որի արդյունքում անջատական տրամադրություններ չեն եղել, սակայն Վիեննայի նոր նախաձեռնությունը կարող է նման տրամադրությունների պատճառ դառնալ:

Իտալիայի քաղաքական գործիչները արդեն դատապարտել են այդ նախաձեռնությունը, այն համարելով ազգայնական, և պնդելով, որ այն կխախտի ինքնավար մարզի էթնիկ հավասարակշռությունը, որը զգայուն հարց է համարվում:

Հարավային Տիրոլի գերմանախոս բնակիչներին ավստրիական անձնագրեր տալու հարցը Ավստրիայի նոր կառավարության կոալիցիոն համաձայնագրի կետերից մեկն է։ Անցած շաբաթավերջին կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին հայտարարեցին կանցլեր Սեբաստիան Կուրցի պահպանողական բնույթի «Ժողովրդավարական» կուսակցությունը և ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը:

Դեկտեմբերի 19-ին կոալիցիոն կառավարությունը առաջին նիստն է անցկացրել, կանցլեր Սեբաստիան Կուրցը ասել է․ - «Մենք համաձայնել ենք կառավարության ծրագրում քննարկել հարավային տիրոլցիների ցանկությունը, որին կողմ են Հարավային Տիրոլի բոլոր կուսակցությունները և առաջին հերթին՝ տեղի կառավարությունը: Մենք սա պլանավորում ենք միայն Իտալիայի իշխանությունների և Հռոմի կառավարության հետ սերտ փոխհամագործակցությամբ»:

Ավստրիայի փոխկանցլեր, ազգայնական կուսակցության ղեկավար Հանս Քրիստիան Շտրասեն ասել է․ - «Դրա իրավական հնարավորությունները Եվրամիությունում գոյություն ունեն և ինքը՝ Իտալիան այն օգտագործել է Սլովենիայի և Խորվաթիայի իտալացի փոքրամասնությունների դեպքում, որտեղ երկքաղաքացիության օրենքը սովորական է և ուրիշ շատ երկրներում նորմալ է համարվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG