Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսղեմի հարցով Թրամփի որոշման շուրջ արտահերթ նիստ կգումարի


ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արաբական և մահմեդական երկրների պահանջով վաղը հատուկ արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:

ՄԱԿ-ում պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրները կքվեարկեն Թրամփին՝ իր որոշումը չեղարկելու կոչ անող բանաձևի շուրջ:

Չնայած քվեարկության արդյունքները իրավական ուժ չունեն, սակայն ունեն քաղաքական կշիռ:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին Թվիթերում գրառում է կատարել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները մտապահելու է նրանց, ովքեր դեմ կքվեարկեն, իր խոսքով, Երուսաղեմի վերաբերյալ Ամերիկայի ժողովրդի ընտրությանը:

«Հինգշաբթի օրը մեր ընտրությունը քննադատող քվեարկություն է տեղի ունենալու: ԱՄՆ-ը մտապահելու է անունները», - հայտարարել է Հեյլին:

Մինչ օրս միայն 10 այսպիսի հատուկ արտահերթ նիստեր են գումարվել: Վերջին անգամ այսպիսի հատուկ արտահերթ նիստ գումարվել է կրկին Երուսաղեմի հարցով 2009 թվականին:

Հիշեցնենք, Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ինչը հակասում է տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը, համաձայն որի՝ քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG