Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյան․ «Սուտ վկայությունների պատճառով Հայաստանում արդարադատությունը թերի է»


Անցյալ տարվա հուլիսից ազատազրկված ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունն այսօր հերթական անգամ մերժվեց՝ հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ:

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի փաստաբաններ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը պնդում էին՝ դատավոր Վարդան Գրիգորյանը բացասական վերաբերմունք ունի պաշտպանական կողմի նկատմամբ և անաչառ չէ:

«Սա մի պրոցես է, որտեղ ակնհայտ գործում են սուտ ցուցմունք տվող վկաներ, նրանց հուշող ու պարտադրող դատավոր ու դատախազ և պաշտպանական կողմ, որի իրավունքները խախտվում են ու խախտվում», - դատարանում հայտարարեց Մեժլումյանը։ - «Դուք ոստիկանների կողմից ժողովրդի վրա հարձակումը ասացիք, որ ինձ դուր չի եկել դա: Բայց պաշտպանական կողմի մարտավարությունը հենց այն է, որ ոստիկանությունը ժողովրդի վրա հարձակվել է: Եվ Ձեզ դուր չի գալիս պաշտպանական կողմի դիրքորոշումը»։

«Սուտ վկայությունների պատճառով Հայաստանում արդարադատությունը թերի է», - իր խոսքում ասաց Անդրիաս Ղուկասյանը: - «Շինծու մեղադրանքի ելակետն այն է, որ ոստիկանությունը պնդում է, որ ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա: Մենք ներկայացրել ենք բազմաթիվ ապացույցներ, որ այդպիսի բան չի եղել: Ընդհակառակը, ոստիկանությունն է հարձակվել ցուցարարների վրա: Դուք Ձեր սուբյեկտիվ վերաբերմունքն արդեն հայտնել եք: Վկայի նկատմամբ դատարանում ճնշումով ստանալ պատասխան, սա երևի վերջին եզրն է, որից հետո առհասարակ, տվյալ մարմինը էլ դատարան չի կարող համարվել»:

Պաշտպանական կողմն այսօր ցանկություն հայտնեց ընդդիմադիր գործչին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել, սակայն դատավոր Վարդան Գրիգորյանը մերժեց միջնորդությունն ընդունել, ասելով՝ աշխատանքային օրն ավարտված է և, որ կարող են միջնորդություն ներկայացնել միայն տոներից հետո՝ հունվարի 16-ին: Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այսպիսով մարդու ազատություն է խախտվում․ - «Եվ ինքն ասում է՝ ես վաղվանից գնում եմ արձակուրդի, մինչև հունվարի 16-ը չեմ քննի, այսինքն՝ մի ամիս ինքն արձակուրդ է գնում, Անդրիաս Ղուկասյանը փակի տակ է մնում: Այսօր պիտի լուծում տար: Թող այդ հարցին լուծում տար, նոր գնար արձակուրդի, ազատ արձակել կամ գտներ, որ չպետք է ազատ արձակել: Քանի որ աշխ․ ժամը դեռ չէր ավարտել ես միջնորդությունը մուտք արեցի գրասենյակ: Մինչ այս հարցի լուծումը չի կարելի գնալ արձակուրդի»։

Ավելի վաղ Անդրիաս Ղուկասյանը իրեն գրավի դիմաց ազատ արձակելու ևս երկու միջնորդություն էր ներկայացրել, որոնք մերժվել էին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն հորդորել էին «ազդեցություն գործադրել» Հայաստանի իշխանությունների վրա՝ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Եվրամիության պատվիրակությունը դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG