Ռուսաստանցիները պնդում են, որ Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելքում ծավալված ռազմական գործողություններից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները իրենց չեն մտահոգում: Դա են վկայում Մոսկվայում գործող սոցիոլոգիական «Լևադա» կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները:
Դրանց համաձայն, Ռուսաստանի բնակիչների 28 տոկոսը նշել է, որ երկրի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներն իրենց ընդհանրապես չեն մտահոգում: Հարցվածների ևս 40 տոկոսը պնդում է, որ այդ պատժամիջոցներն առանձնակի մտահոգություն չեն առաջացնում:
Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների միայն 7 տոկոսն է նշել, թե լրջորեն մտահոգված է Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:
Ռուսաստանցիների մեծամասնությունը նաև մտավախություն չունի, թե պատժամիջոցների կիրառման շարունակությունն ու Ուկրաինայի շուրջ Մոսկվայի և Արևմուտքի միջև պահպանվող սուր տարաձայնությունները կարող են հանգեցնել երկրի լիակատար մեկուսացմանը միջազգային ասպարեզում: Նման մտավախություն ունի հարցված ռուսաստանցիների միայն 29 տոկոսը:
«Ռուսաստանի բնակիչների 66 տոկոսին երկրի հնարավոր լիակատար մեկուսացման հեռանկարն առանձնապես չի հուզում», - նշում են մոսկվացի սոցիոլոգները:
Դրա հետ մեկտեղ «Լևադա»-ի կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը համարում է, որ Արևմուտքի` նախևառաջ ամերիկացիների հետ, հարկավոր է բնականոն հարաբերություններ հաստատել: Այս տեսակետին է հակված ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը` 75 տոկոսը։
Հարցվածների միայն 16 տոկոսն է համոզված, որ Միացյալ Նահանգների և արևմտյան մյուս պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է ընդգրկվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում:
«Լևադա»-ի անցկացրած հարցման համաձայն, հակաուկրաինական տրամադրությունների նվազում Ռուսաստանում առայժմ չի նկատվում:
Ռուսաստանցիների 56 տոկոսը Ուկրաինային վերաբերում է ընդհանուր առմամբ, կամ՝ խիստ բացասաբար: Հարցմանը մասնակցած Ռուսաստանի բնակիչների միայն 27 տոկոսն է նշել, որ շատ լավ, կամ ընդհանուր առմամբ լավ է տրամադրված Ուկրաինայի հանդեպ:
«Միացյալ Նահանգների հանդեպ բացասաբար է տրամադրված ռուսաստանցիների 60, իսկ Եվրամիության նկատմամբ` 54 տոկոսը», - վկայում են «Լևադա» կենտրոնի հրապարակած հարցման արդյունքները։