Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է ավագանու նիստերի բոյկոտը


Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյան, արխիվ
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) Վանաձորի ավագանու խմբակցությունը հայտարարում է ավագանու նիստերի բոյկոտը դադարեցնելու և նիստերին իր մասնակցությունը վերականգնելու մասին։

ԼՀԿ խորհուրդն այսօր տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշում է. - «Ավելի քան մեկ տարի շարունակ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, կիրառելով իրեն հասանելի բոլոր իրավական և քաղաքական մեխանիզմները, բազմաթիվ քայլեր ձեռնարկեց՝ միտված մանդատագողության արդյունքում Վանաձոր քաղաքի ապօրինի կառավարման գործընթացի կանխմանը, ժողովրդավարական սկզբունքների հարգմանը, պետականության հիմքերի կայացման մեջ արատավոր նախադեպերի բացառմանը և իրավական պետության ձևավորմանը: Այնուհանդերձ, կառավարությունը իրավիճակային լուծումն ավելի վեր դասեց, քան ժողովրդավարական պետության կայացումը և մնաց անդրդվելի, այդպիսով նաև ապացուցելով, որ Սահմանադրական բարեփոխումների և Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին իշխանության բոլոր հայտարարությունները կատարելապես ձախողված են և հիմնազուրկ: Այսպիսով, մենք համարում ենք, որ Վանաձորի ավագանում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը և սպառվել մանդատագողության վիճարկման իրավական մեխանիզմները։ Այս պայմաններում լինելով մասնակցային ուժ և նպատակ ունենալով վերահսկել և հակակշռել տեղական իշխանությանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին»:

ԼՀԿ խորհուրդը նաև պնդում է որպեսզի 2017-ին տեղի ունեցած «ապօրինի նիստերի» ընթացքում ընդունված բոլոր որոշումները հերթականությամբ ներառվեն Վանաձորի ավագանու առաջիկա նիստերի օրակարգերում։

«Որպես ընդդիմադիր խմբակցություն, «Լուսավոր Հայաստան»-ը հետևողականորեն և ամենօրա ռեժիմով վերահսկելու է Վանաձորի ավագանու գործունեությունը և աշխատելու՝ հանուն Վանաձորի արդյունավետ կառավարման և վանաձորցու իրավունքների ու շահերի պաշտպանության», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո ավագանիում մեծամասնություն ունեցող ու իրենց ընդդիմադիր հռչակած երեք կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» կոալիցիա էին կազմել ու պայմանավորվել քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստանից» Քրիստ Մարուքյանին: Սակայն, երբ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը, այդ երեք խմբակցությունները բոյկոտ հայտարարեցին ու չներկայացան ավագանու նիստերին:

Դրանից հետո նիստեր չէին կայանում՝ քվորումի բացակայության պատճառով։ Մինչդեռ 6 ամիս անց՝ հիմք ընդունելով Վանաձորի ընտրություններից 2 ամիս հետո Ազգային ժողովի կողմից ՏԻՄ օրենքում ընդունված փոփոխությունները, ավագանու միայն Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունների անդամների մասնակցությամբ նիստեր գումարվեցին։

Ընդդիմությունը, կասկածի տակ առնելով դրանց օրինականությունը, դիմել էր Սահմանադրական դատարան։ Դատարանը, ըստ ընդդիմադիրների, նպաստավոր որոշում կայացրեց, որը հիմք էր ստեղծում Վանաձորում նոր ընտրություններ անցկացնելու համար, սակայն կառավարությունը փաստորեն չգնաց այդ քայլին։

Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ըստ տարածքային կառավարման և զարգացման նախարարից ստացած գրավոր պատասխանի, կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG