Մատչելիության հղումներ

Շարլ Ազնավուր. «Ունենք գեղեցիկ երկիր, պետք է դա գիտակցել». ԼՐԱՑՎԱԾ


Հայաստան - Շարլ Ազնավուրը Երևանում իր անվան հրապարակում իր աստղի բացման արարողության ժամանակ, 7-ը հունիսի, 2013թ․

Երբ մեկը երկու սու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով:

«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն հայերը», - ասել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ - «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:

Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ․ - «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»:

Ըստ նրա Հայաստանն այժմ շատ վատ ուղու վրա չէ, առաջ է գնում, որոշ բաներ լավ են, գլխավոր խոչընդոտը՝ կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել:

Շանսոնյեն անդրադարձել է նաև «Շարլ Ազնավուր» հիմնադրամին, որը փոխարինում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» միությանը: Ազնավուրը նշել է, որ հիմնադրամը շարունակում է նախորդի մարդասիրական գործունեությունը՝ տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար, բայց նաև մշակութային գործունեություն է ծավալելու:

Նույն հարցազրույցում Ազնավուրն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախկին և ներկա նախագահներին՝ Ֆրանսուա Օլանդին և Էմանյուել Մակրոնին:

«Պետք է դեռ թողնել, որ նա աշխատի, պետք է վստահություն ցուցաբերել նրա հանդեպ», - ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Մակրոնին․ - «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար»:

Հավելենք, որ ֆրանսահայ երգիչը շարունակում է համերգներով հանդես գալ: Անցյալ շաբաթ Փարիզի ամենամեծ համերգասրահում տեղի ունեցավ նրա մենահամերգը: Մամուլը բազմաթիվ գրախոսականներով արձագանքեց Ազնավուրի այդ մենահամերգին՝ նրան որակելով իբրև «ֆրանսիական երգի վերջին մեծը», ավելին՝ «ֆրանսիական երգի վերջին հսկան»:

Ազնավուրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում համերգներով հանդես կգա հունվարի 20-ից մինչև փետրվարի 6-ը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող այն հատվածները, որոնք օգտագործված են դեկտեմբերի 17-ին «Ազատության» հրապարակած ռեպորտաժում․

Ազնավուր․ - «Հայի իմ փոքրիկ ճանապարհը ես անցնում եմ: <…> Ես մարդկանց մղում եմ գործելու, ներդնելու և ներդնելու, տալու և տրվելու Հայաստանին: Ունենք գեղեցիկ երկիր: Պետք է դա գիտակցել: Հին քաղաքակրթություններ կան, որոնք անհետացել են: Եվ եթե թույլ տանք, մերը նույնպես կանհետանա: Ուրեմն, սա ընտրություն է: Ես դա ասում եմ հայերին՝ պետք է պատասխանատվություն ստանձնել: Նման բան պատահելու դեպքում իրենք կլինեին դրա պատասխանատուն: Դա, ամեն դեպքում, իմ մեղքով չի լինի: Բայց ես անում եմ ամեն ինչ, որպեսզի հակառակը լինի»:

Հարց․ - «Տպավորություն կա, որ Դուք ավելի ու ավելի եք ներգրավվում»:

Ազնավուր․ - «Ներգրավված եղել եմ ի սկզբանե: Եվ, այո, ներգրավված եմ ամբողջությամբ»:

Հարց․ - «Այսօր ինչպե՞ս է դա տեղի ունենում իշխանությունների հետ»:

Ազնավուր․ - «Ոչ շատ վատ»:

Հարց․ - «Ավելի՞ լավ է»:

Ազնավուր․ - «Ես նրանց նվերներ չեմ անում (ծիծաղ): <…> Ես նրանց ասում եմ՝ «դուք անծանոթներ եք» Հայաստանից դուրս: Ես եմ, որ ճանաչված եմ: Ուրեմն, պետք է օգտվել ինձնից: Ես չեմ կարող օգտվել ձեզնից»:

Հարց․ - «Բայց ունե՞ք տպավորություն, որ Հայաստանում գործերը բարելավվել են»:

Ազնավուր․ - «Ճանապարհը շատ վատը չէ: Առաջ է գնում: Լա՞վ են գործերը: Կան բաներ, որոնք լավ են ընթանում: <…> Պետք է մոռանալ, որ իրենք կոմունիստներ են եղել: Այլևս չի կարելի ապրել կոմունիստական ձևով: Հայաստանում դեռ մի փոքր ճանապարհ պետք է անցնեն՝ դրանից ամբողջությամբ դուրս գալու համար: Երբ մեկը երկու սու է գողացել, նրան բանտարկում են, մինչդեռ տղերքը, որոնք միլիոններ են գողանում, անպատիժ են մնում: Դա անընդունելի է»:

Հարց․ - «Ո՞ւր է հասել «Ազնավուրը Հայաստանի համար»-ը»:

Ազնավուր․ - «Դա երեկ էր: Այժմ ունենք հրաշալի տեղ, Երևանի բարձունքում, որտեղից երևում է ամբողջ քաղաքը: Այն կոչվում է «Շարլ Ազնավուրի տուն»: Այն կվերածվի մշակույթի տան՝ սրահներով, ցուցասրահներով, թանգարանով, և այլն: <…> Օրինակ, «Ազնավուրը Հայաստանի համար»-ի ժամանակաշրջանում մի տիկին ցանկացել էր մեզ ժառանգել իր տունը: Բայց դա անհնար էր: Այժմ, Ազնավուր հիմնադրամով, որ ստեղծել ենք, դա կլինի: Կկարողանանք զբաղվել մարդկանցով, ովքեր տուն չունեն, նրանց օգնել, նրանց տանիք տրամադրել»:

Ազնավուր․ - «Այն [Հայաստանը] միշտ փոքր սովետական կողմ ունի: Պետք է դրան դիմադրել: Մտքի այդ վիճակը լավ չէ մեզ համար: Այն նույնիսկ շատ վատ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG