«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության՝ երեկվանից հացադուլ հայտարարած անդամներից Դավիթ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գիշերը «նորմալ է անցել», իրենց առողջականը վիճակը «լավ է»։
Պետրոսյանն արդեն հացադուլի երկրորդ օրը գնահատելով իրավիճակն ու արձագանքելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գնահատականին, թե հացադուլը «ժամանակավրեպ էր», այսպես արձագանքեց՝ «հացադուլի քայլը երբեք ժամանակավրեպ չի կարող լինել»։
«Շարժումը երկու ամսից ավել է շարունակվում է, շուտվանից անցել է այն էտապը, որ պետք է փորձի հաշվի առնել, թե ինչ պայմաններ կան, որպեսզի ինքն աճի կամ չաճի։ Մենք առաջին օրվանից նշել են, որ ինչ էլ լինի, պետք է պայքարենք, հիմա մեր ասածին մենք մնում ենք հավատարիմ», - ասաց Դավիթ Պետրոսյանը։
Հարցին, թե շարժումը դրսում որևէ քայլ նախաձեռնո՞ւմ է, Պետրոսյանը պատասխանեց. - «Այս պահին որևէ կոնկրետ ծրագրավորված բան չկա, մտածում ենք, թե ինչը կլինի ավելի արդյունավետ։ Այս երկու օրվա ընթացքում պարզ կլինի, թե ինչ քայլեր դրսում կարվեն։ Մենք մեր պահանջներն արդեն ասել ենք, և եթե այդ պահանջները չբավարարվեն, մենք չենք դադարեցնելու հացադուլը»։
Հիշեցնենք՝ երեկ «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն Յուրի Ավագյանը կրկին հացադուլ սկսեցին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ հացադուլ էր անում Դավիթ Պետրոսյանը՝ պահանջելով իշխանությունից փոփոխության չենթարկել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգը:
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: