Մատչելիության հղումներ

Ցուցակ, որից սարսափում են Մոսկվայում


«Ռոսնեֆտ» և «Գազպրոմ» ռուսական ընկերությունների ղեկավարներ Իգոր Սեչինը և Ալեքսեյ Միլլերը, արխիվ

Atlantic Council-ն առաջարկում է պատժել «ոչ թե խոշորներին, այլ վատթարներին»:

«Պատժամիջոցներով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու» ակտը Միացյալ Նահանգների վարչակազմին պարտավորեցնում է Կոնգրեսին ներկայացնել զեկույց, «որում կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում առավել բարձրաստիճան պաշտոնյաների և Կրեմլին մոտ կանգնած մեծահարուստների ցուցակը»: Այդ մասին են Politico ազդեցիկ հանդեսում գրել «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնի աշխատակիցներ Անդերս Օսլունդն ու Դենիել Ֆրիդը:

Այդ դեռևս չկազմված ցանկում հայտնված մարդիկ կարող են հետագայում ենթարկվել պատժամիջոցների կամ առնվազն Արևմուտքում բիզնես վարելու հարցում լուրջ բարդություններ ունենալ:

Ըստ Politico հանդեսի, նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատից ոմանք սարսափով են սպասում ցուցակի հրապարակմանը: «Կրեմլյան ցուցակը» կարող է խուճապ և պառակտում առաջացնել թիվ մեկ ղեկավարի պաշտպանությունը վայելելու միջոցով միլիարդներ դիզած խմբակում:

Այս հարցի վերաբերյալ իրենց առաջարկներն են Atlantic Council-ին փոխանցել Ռուսաստանի քաղաքական ասպարեզի ընդդիմադիր հայտնի գործիչներ Անդրեյ Իլարիոնովն ու Անդրեյ Պիոտրովսկին, ովքեր ամերիկացիներին խորհուրդ են տալիս ցանկի «թեկնածուներին» ընտրելիս, ղեկավարվել երեք հիմնական գործոնով՝ արդյո՞ք անձը մոտ է պուտինյան ռեժիմին, արդյո՞ք հարստացել է ռեժիմի հետ կոռուպցիոն գործարքի մեթոդով և արդյո՞ք Ռուսաստանի ղեկավարի համար կատարել է ակտիվների փոխանցումներ կամ պահել է ակտիվներ այնպիսի մեթոդներով, որոնք կոռուպցիոն գործառույթների տարրեր են պարունակում:

Իլարիոնովն ու Պիոտրովսկին սահմանել են այդօրինակ ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների 7 կատեգորիա՝ Ռուսաստանում և Ռուսաստանից դուրս ռեժիմի ագրեսիվ և քրեական գործողությունների համար պատասխանատվություն կրողներ, Սանկտ Պետերբուրգում 90-ական թվականներից Պուտինի շրջապատում հայտնված մեծահարուստներ և պաշտոնյաներ, Պուտինի շրջապատի մեծահարուստների զավակներ, ովքեր այսօր դարձել են բարձրաստիճան մենեջերներ, Պուտինի մտերիմ ընկերներ, ովքեր պահում են նրա հարստությունը և ամեն կերպ պաշտպանում են այդ հարստությունը հնարավոր ստուգումներից, օլիգարխներ, ովքեր մեծ եկամուտ են ստանում Կրեմլի հետ բիզնեսից, պետական հիմնարկների ղեկավարներ, ովքեր պաշտոնները ստացել են Պուտինի հովանավորության շնորհիվ և հարստություններ են դիզում առավել խոշոր չափով յուրացումների շնորհիվ, ընկերություններ, որոնք կառավարվում են նշված անձերի կողմից:

Ի դեպ, Օսլունդն ու Ֆրիդը կոչ են անում Atlantic Council-ի ցուցակում չընդգրկել այն մարդկանց, ովքեր հարստացել են նախքան ռուսական քաղաքականության աշխարհում Պուտինի հայտնվելը:

«Ընդհակառակը, հարուստների համար անհրաժեշտ է ստեղծել Կրեմլից անկախությունը պահպանելու պայմաններ», - համոզված են հեղինակները, ովքեր խորհուրդ են տալիս ցանկում ընդգրկել «ոչ թե խոշորներին, այլ վատթարներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG