Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին


Երևան, 18-ը դեկտեմբերի, 2017 թ․, պաշտոնական
Երևան, 18-ը դեկտեմբերի, 2017 թ․, պաշտոնական

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին:

Նախագահի կայքէջի փոխանցմամբ՝ «Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն և շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»:

«Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները՝ 2011 թվականին, երբ Ռոուզ Գոթեմյոլերը ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր և դրանից հետո՝ ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից բացի հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է նաև Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում կառավարման նոր համակարգի անցնելու կապակցությամբ իրականացվող գործընթացներով:

Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այն վճռական ու հետևողական աջակցության համար, որ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ՝ իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման մասին՝ նշելով, որ հաջողությամբ իրականացվել է չորս ծրագիր, և արդեն հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. հինգերորդ ծրագիրը»,- մասնավորապես, նշված է հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին ընդունել էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG