Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին մերժում է մեղադրանքներն ու հրաժարվում պատասխանել ուկրաինացի քննիչների հարցերին


Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազության շենքում, 18-ը դեկտեմբերի, 2017 թ․
Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազության շենքում, 18-ը դեկտեմբերի, 2017 թ․

Թեև Միխեիլ Սաակաշվիլին այսօր ներկայացել է Ուկրաինայի գլխավոր դատախազություն, սակայն հրաժարվել է պատասխանել քննիչների հարցերին: Իշխանությունները նրան մեղադրում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «հանցավոր խմբավորման» աջակցությամբ հեղաշրջում պլանավորելու մեջ: Նա կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Դատախազության շենքի մոտ Սաակաշվիլին լրագրողներին ասել է, որ ցուցմունքներ կտա միայն մի դեպքում՝ եթե գործը փոխանցվի Ազգային անվտանգության ծառայությանը: Ըստ նրա՝ օրենքը դա է պահանջում: Գլխավոր դատախազության մամուլի խոսնակն ասել է, որ Սաակաշվիլին խախտել է քննության ընթացակարգը, չպատասխանելով նրան հրավիրած քննիչների հարցերին:

Նախօրեին Սաակաշվիլիի կոչով հազարավոր մարդիկ դարձյալ դուրս էին եկել Կիևի կենտրոնական փողոցներ՝ պահանջելով Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը: Երեկվա ցույցի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Կիևի ոստիկանությունը հաղորդում է, որ առնվազն 32 ոստիկան վիրավորվել է: Բախումները տեղի են ունեցել, երբ ցուցարարները փորձել են գրոհել Անկախության հրապարակին մոտ գտնվող «Հոկտեմբերյան պալատ» համերգասրահը:

2013-14 թվականներին նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն այդ համերգասրահը դարձել էին իրենց կենտրոնակայանը․ այնտեղ էին նրանք հանգստանում, գիշերում, անտեղ էր գտնվում ցուցարարների շտաբը: Սաակաշվիլին ասել է, թե ցանակում է իր հիմնադրած «Նոր ուժերի շարժման» շտաբը ևս նույն համերգասրահում տեղակայել: Այդ շենքը պաշտպանող ոստիկանական և անվտանգության մարմինների ուժերն արցունքաբեր գազ ու կրակմարիչներ են կիրառել ցուցարարների դեմ, իսկ վերջիններս էլ՝ հրավառությունների համար նախատեսված տարբեր ճայթուկներ ու գազի բալոններ: Հաղորդվում է, որ այդ պահին հարյուրավոր երեխաներ են գտնվել համերգասրահում:

Արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել այդ գրոհի փորձի կապակցությամբ: Ուկրաինայում Կանադայի դեսպան Ռոման Վաշչուկը «Թվիթերում» գրել է, որ հանրային շենքեր գրավելու և վնասելու փորձերը խաղաղ բողոքի հանրահավաքներ անցկացելու իրավունքի խախտում է: Նրան են միացել և համանման կարծիքներ են հայտնել նաև Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դեսպանությունները:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հանրային շենքը գրավելու փորձ կատարելու, իրավապահների դեմ սպառնալիքների և բռնությունների դիմելու, իրավապահների գործողությունները խոչընդոտելու հոդվածներով: Սաակաշվիլին, հակադարձելով համերգասրահը գրոհելու փորձի վերաբերյալ՝ իրեն վերագրվող մեղադրանքներին, ասել է, թե ցանկանում է երկու սենյակ վարձակալել այդ շենքում, իսկ բախումների համար մեղադրել է իշխանություններին, ասելով, թե դա նախագահ Պորոշենկոյի կազմակերպած սադրանքն էր: «Ազատություն» ռ/կ-ի ուկրաինական ծառայությանը Սաակաշվիլին ասել է, թե դատապարտում է պատուհաններ ջարդելու փորձերը: «Երբ մենք միլիոններ լինենք, այդ դռներն ու պատուհաններն իրենք իրենց կբացվեն, մենք կարիք չունենք դրանք ջարդելու»,- ասել է նա:

Մինչ այդ միջադեպը տեղի ունեցած հանրահավաքում Սաակաշվիլին ասել էր, որ Կիևի կենտրոնական «Կրեշատիկ» պողոտայի ձայնը լսում է ամբողջ Ուկրաինան, և այդ ձայնը «անպայման կխլացնի Պորոշենկոյի ստորությունն ու դավաճանությունը, օլիգարխիկ ալիքները»: «Մենք միևնույն է՝ ուժեղ կլինենք, կհեռացնենք նրանց իշխանությունից, կերակրատաշտից և կփակենք կերակրատաշտը, նույնիսկ եթե դրա համար պետք լինի իմ կյանքն ու ազատությունը»,- հայտարարել է նա:

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, առանց Ուկրաինայի քաղաքացիության և անձնագրի, վերադառնալով Ուկրաինա, արդեն մի քանի ամիս հակակառավարական ցույցեր է կազմակերպում: Դեկտեմբերի 8-ին Սաակաշվիլին ձերբակալվել էր, սակայն երեք օր անց, երբ նրան կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ էր դատարանի որոշումը, Կիևի դատարանը մերժեց նրա նկատմամբ տնային կալանք սահմանելու՝ դատախազության միջնորդությունը, Սաակաշվիլին ազատ արձակվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG