Մատչելիության հղումներ

Հայաստան-ՆԱՏՕ գործակցության 25 տարիները «շատ դրական էին»․ Ռոուզ Գոթեմյոլլեր


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևան, 18-ը դեկտեմբերի, 2017 թ․

«Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանն ու Ադրբեջանն աշխատեն միասին։ Հատկապես ողջունելի է, որ երկու երկրների նախագահները հանդիպեցին հոկտեմբերին Ժնևում, իսկ արտգործնախարարները՝ երկու շաբաթ առաջ Վիեննայում»։

Այսօր ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նման կարծիք հայտնեց այցով Երևանում գտնվող՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: Նշենք, որ նա դեռ 1990-ականներին աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի աշխատակազմում: Ռոուզ Գոթեմյոլլերն այսօր ԵՊՀ-ում ասաց նաև, թե լավ է հիշում ճգնաժամի ակտիվ օրերն ու ցավում է, որ ավելի քան 25 տարի անց էլ հակամարտությունը չլուծված է մնում։

«Ես գիտեմ, որ Մինսկի խմբի համանախագահները և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մասնակցում էին Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդին: Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգները նման բարձր մակարդակով ներգրավված է գործընթացում Ռուսաստանի և ֆրանսիայի արտգործնախարարների հետ միասին։

Մենք ՆԱՏՕ-ում ակնկալում ենք, որ նոր առաջընթաց կտեսնենք այս ճգնաժամի լուծման ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հակամարտության լուծումը բարենպաստ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։ ՆԱՏՕ-ի անունից կարող եմ ասել, որ մենք դրական ենք գնահատում և ուրախ ենք տեսնել վերջերս բարձր մակարդակով ընթացող դիվանագիտական ջանքերը: Հույս ունեմ, որ դրանք արդյունք կտան»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Վերջինս այսօր պատասխանեց միայն ուսանողների հարցերին: Նրանց հարցերը վերաբերում էին Մակեդոնիայի, նաև Սերբիայի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններին: Անգամ անձնական բնույթի հարցեր հնչեցին։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց՝ արդեն 25 տարի է, որ Հայաստանը համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ և, Գոթեմյոլլերի խոսքով՝ դրանք շատ դրական 25 տարիներ էին։ «Մենք այնքան շատ բան ենք արել միասին, և առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Հայաստանը մեր միակ գործընկեր երկիրն է, որը հետևողականորեն ապահովում է իր խաղապահների ներկայությունը Կոսովոյում և Աֆղանստանում, մենք շատ բարձր ենք գնահատում ենք այդ մասնակցությունը»,- ասաց ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

Հայաստան-ՆԱՏՕ 25-ամյա համագործակցության արդյունքներն են ամփոփվել և հետագա գործակցությունն է ուղենշվել Նալբանդյան-Գոթեմյոլլեր՝ այսօր կայացած հանդիպման ընթացքում։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրենց հանդիպման ընթացքում չեն շրջանցել նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ։

«ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը բխում է մեր փոխադարձ շահերից։ Այս տարի ավելի վաղ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցրեց իր նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որի շրջանակում մենք սերտորեն աշխատում ենք ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների բնագավառներում։ Եվ մենք աշխատելու ենք մեր առջև դրած առաջարկությունների հիման վրա»,- մասնավորապես, ասել է Նալբանդյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ վարվող բանակցությունների մասին խոսել էր նաև Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, շեշտելով, որ ռազմատեխնիկական համագործակցության արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն։ Հայաստանցի պաշտոնյան նշել էր, որ այդ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն զենք-զինամթերք գնելով, այլ իր մեջ ներառելու է տարբեր բաղկացուցիչներ։

Մինչև Ռոուզ Գոթեմյոլլերի Երևան այցը, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին էր անդրադարձել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, նշելով՝ դաշինքը պատրաստ է շարունակել՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին։ Ռոուզ Գոթեմյոլլերին այսօր ընդունելու են նաև նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG