Մատչելիության հղումներ

Fitch-ը հաստատել է B+ վարկանիշը Հայաստանի համար. Ֆինանսների նախարարություն


Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն արտարժույթի և տեղական արժույթի համար կայունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը B+ մակարդակում:

«Վարկանիշի սահմանումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015 թվականների ուժեղ արտաքին շոկից հետո` պայմանավորված արտահանման կատարման, արտաքին պահանջարկի ավելի ամրապնդված պայմանների և դրամական փոխանցումների վերականգնման կառուցվածքային բարելավմամբ ու վստահելի դրամավարկային քաղաքականությանբ: Fitch-ը վերանայել է աճի կանխատեսումը մինչև 4.3 տոկոս 2017 թվականի համար, քանի որ ՀՆԱ-ի աճը առաջինից երրորդ եռամսյակներում կազմել է 5.3 տոկոս: 2018-2019 թվականների համար ակնկալվում է միջինում 3.6 տոկոս աճ` դրամական փոխանցումների և արտահանման աճի համար ստեղծված բարենպաստ միջավայրի շնորհիվ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ նախարարության, հաջորդն ուժեղ հարկաբյուջետային կոնսոլիդացիան է:

«Հայաստանը ուժեղացրել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Դրա շնորհիվ, գործակալության սպասումների համաձայն, բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի 5.5 տոկոսի դիմաց 2017-ին կկազմի 3.3 տոկոս, 2018 թվականին կկրճատվի մինչև 3 տոկոս և 2019 թվականին՝ 2.7 տոկոս», - նշում է նախարարությունը՝ շարունակելով. - «Fitch-ի` բյուջեի դեֆիցիտի և աճի ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները համահունչ են պետական պարտքի կայունացման հետ: Կանխատեսվում է, որ 2017 թվականին պարտքը կբարձրանա ՀՆԱ-ի մինչև 57.5 տոկոս` փոքր-ինչ պակաս կանխատեսված 58.6 տոսկոս B միջին ցուցանիշից, 2018 թվականին կհասնի 58.1 տոկոսի և հետագայում աստիճանաբար կնվազի: Հայաստանի պետական պարտքի կառուցվածքն ունի արտոնյալ պարտքի բարձր մակարդակ (ընդհանուր պարտքի 66 տոկոսը), թեև 81 տոկոսն արտարժութային է, ինչն էլ դրսևորվում է փոխարժեքի փոփոխականությամբ»:

Ըստ նախարարության, Հայաստանն ունի միջին ընթացիկ հաշվի դեֆիցիտ, որը Fitch-ի կանխատեսմամբ, կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոս 2017 թվականին և միջինը 3.4 տոկոս` 2018-2019 թվականներին: Ներքին պահանջարկով պայմանավորված ներմուծման աճը կհավասարակշռվի արտահանման մուտքերով, որոնք կամրապնդվեն կայուն ապրանքային գների, նոր շուկաների դիվերսիֆիկացման և ռուսական տնտեսության կայունացման միջոցով` խթանելով արտահանման և դրամական փոխանցումների աճը:

«Վարկանիշի վերանայմանը նպաստող հիմնական գործոններն են` վստահությունը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է անկման հետագծի վրա, առկա աճը, որը նպաստում է բարձր եկամուտներ ունեցողների կոնվերգենցիային` առանց մակրոտնտեսական անհավասարակշռությունների ավելացման, և արտաքին հաշվեկշռի կայուն բարելավումը», - նշում է Ֆինանսների նախարարությունը՝ շարունակելով. - «Կանխատեսումների կայունացման կարող են հանգեցնել միջնաժամկետում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազեցման ձախողումը, արտարժութային պահուստների անկումը և էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, եթե այն զգալի ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության կամ հանրային ֆինանսների վրա»:

Այսպիսով, ըստ նախարարության, Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի ունենալ սոցիալական և քաղաքական կայունություն:

Ստորև ներկայացվում է ամբողջական վարկանիշային ցանկը՝

.Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է B+ մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է կայունից դեպի դրական

· Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է B+ մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է կայունից դեպի դրական

· Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է B մակարդակում

· Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է B մակարդակում

· Երկրի առաստաղը հաստատվել է BB մակարդակում

· Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը արտարժույթով հաստատվել է B+մակարդակում

· Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է B+մակարդակում

· Առաջնային չապահովված կարճաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է B մակարդակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG