Փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով՝ պետության կողմից վիճակագրություն չկա, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են երթևեկության համար։
«Այ մեր կողմից ստատիստիկա կա, որովհետև մեծ քանակի վարորդների հետ անմիջական շփման մեջ ենք, նաև իրենց վթարների կենսագրություններն ենք ուսումնասիրում, հարցադրումներ անում մանևրելու վերաբերյալ, տուգանքների վերաբերյալ ու նման բաներ։ Տարօրինակորեն, ասեմ, որ ամենաօրինապահները հենց աջակողմյան ղեկով վարորդներն են, չգիտեմ՝ ինչի հետ է կապված, միգուցե ավելի զգուշավոր են, բայց փաստն եմ Ձեզ ասում», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։
Ըստ Արտակ Խաչատրյանի, աջակողմյան ղեկով ավտոմեքենաների վարորդներն ավելի զգույշ են։
«Կառավարությունը կարծես թե հիմնավորել էր վազանց կատարելու վտանգավորության հետ, էլի զարմանալի բան ասեմ Ձեզ՝ վազանցից ավելի շատ մարդ զոհվել ու վնաս է պատճառվել հենց ձախակողմյան ղեկով մեքենաներում, և այդ առումով աջակողմյաններն ավելի զգույշ են։ Ճիշտ պատկերացրեք՝ եթե մարդը տեսադաշտ չունի, ինքնասպանության չի գնա, տեսադաշտ ունեցողը գնում, ռիսկի է դիմում։ Չգիտեմ, թե ինչի հետ է կապված, բայց մենք աջակողմյանի հետ դեռևս խնդիր չենք տեսել, որ որևէ սուր պրոբլեմ առաջացնի։ Հավանականություն կա, ենթադրենք, մանևր սկսելու ժամանակ, բայց դրա լուծումը մի երկու հազար դրամի խնդիր է՝ պետք է հայելի ավելացվի ու վերջ։ Ուրիշ խնդիր չեմ տեսնում», - ասաց փաստաբանը։
Արտակ Խաչատրյանի համոզմամբ, հանրության արձագանքն այս օրինագծի շուրջ մեծ է լինելու. - «Պաշտոնական և ոչ-պաշտոնական տվյալներով՝ շատ մեծ զանգված սեփականությամբ ունի այդ մեքենան, և մարդիկ մտավախություն ունեն, որ իրենց սեփականության իրավունքից կա՛մ զրկվելու են, կա՛մ սահմանափակվելու է, դրա համար արձագանքը շատ մեծ կլինի»։
Նշենք, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում անցած շաբաթավերջին քննարկման է դրել Կառավարության որոշումների մի փաթեթ, որոնցով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում: