ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր քվեարկության կդրվի բանաձևի նախագիծ, որը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Նախաձեռնությունը, որ ներկայացրել է Եգիպտոսը, ամենայն հավանականությամբ կարգելափակվի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Նահանգների կողմից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Անվտանգության խորհրդում հարցը տապալվելու դեպքում մահմեդական երկրները մտադիր են այն մտցնել նաև Գլխավոր վեհաժողովի օրակարգ:
Հիշեցնենք, Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ինչը հակասում է տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը, համաձայն որի՝ քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում: