Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն այսօր Գյումրիում հայտարարեց 2018 թվականին մեկնարկող նոր ծրագրերի մասին։ Դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ հատկապես Շիրակի մարզն ու մարզկենտրոն Գյումրին առաջիկա տարիներին կլինեն Եվրամիության ուշադրության կենտրոնում:
«2018 թվականին գործողությունների ծրագրով կենտրոնանալու ենք մի քանի կարևոր ոլորտների վրա, ինչպիսին է, օրինակ, ստեղծարար արտադրական գործունեության ոլորտը: 2018-ի հիմնական հանգուցային ծրագիրը իրականացվելու է Գյումրիում», - հայտարարեց նա։
Սվիտալսկին 2017 թվականը «լավ տարի» համարեց Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների համար: Շեշտեց՝ նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացում համագործակցության համար:
2017-2020 թվականների ընթացքում Եվրամիությունը նախատեսում է մինչև 176 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին, այս գումարի որևէ մասը վարկային միջոց չէ, ուստի Հայաստանի վարկային բեռը չի ծանրանա այս օժանդակությունից։
Եվրամիությունը պատրաստվում է լուրջ ներդրումներ կատարել Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում։ Ուշադրության կենտրոնում են հատկապես խոշորացված համայնքները: Նախատեսվում է օժանդակություն տրամադրել այդ համայնքերի բյուջեն կազմելու հարցում։ Դեսպանի խոսքով՝ խոշորացված համայնքների բնակիչներն են որոշելու, թե Եվրամիության տրամադրած գումարները որտեղ ծախսվեն կամ ինչ ծրագրեր իրականացվեն: Միության խոշոր ծրագրերից մեկը հաջորդ տարի կհասնի հեռավոր Ամասիա:
«Շատ շուտով կստորագրենք 1 մլն եվրոյի պայմանագիր, որով ներդրումներ կկատարվեն Ամասիայում՝ բրդի արտադրության շղթայի կատարելագործման ու կայացման համար: Հուսով ենք՝ այն կնպաստի նոր աշխատատեղերի բացմանը և Շիրակի մարզի հյուսիսային հատվածում տնտեսական զարգացմանը», - մանրամասնեց Պյոտր Սվիտալսկին։
Աշոցքում ու Արփի լճի տարածքում Եվրամիությունը փորձնական ծրագիր կիրականացնի՝ օժանդակելու տուրիզմի զարգացմանը:
Պյոտր Սվիտալսկուց հետաքրքրվեցինք՝ եթե Հայաստանը չստորագրեր Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիրը, արդյոք այս ծրագրերը կիրականցվեին, անմիջական կա՞պ կա արդյոք: - «Շատ կարևոր համաձայնագիր է, սակայն մեր կողմից քննարկվող ծրագրերը մշակվել և մշակվում են այդ համաձայնագրի ստորագրմանը զուգընթաց: Համաձայնագիրը որպես մեր համագործակցության իրավական հիմք մեզ կօգնի, որպեսզի էլ ավելի մեծ օժանդակություն ուղղենք դեպի Հայաստան, մասնավորապես՝ Շիրակի մարզ», - պարզաբանեց դեսպանը։
Ինչո՞ւ հենց Շիրակի մարզն է ընտրել Եվրամիությունը առաջիկա ծրագրերի իրականացման համար, այս հարցին է էլ Սվիտալսկին պատասխանեց․ - «Դա պարզապես մեր գործընկերների, այն է՝ կենտրոնական և տեղական իշխանությունների ցանկությունն է: Եվրամիությունը որևէ բան չի պարտադրում, վերջին ամիսներին և ընդհանրապես Կառավարության հետ մեր քննարկումների ընթացքում հարցնում ենք, թե ինչ նախընտրություններ կան, որտեղ կցանկանային, որ իրականացվեին մեր ծրագրերը: Մեր բոլոր այս քննարկումներում որպես ակնհայտ «թեկնածու» առաջադրվել է Շիրակի մարզը»:
Ըստ դեսպանի՝ որոշ ծրագրեր հավանական է իրականացվեն նաև Լոռու ու Տավուշի մարզերում: