Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Հայաստանի 87 համայնքներում ուսումնասիրել է նախակրթության ոլորտն ու պարզել, որ ֆինանսավորման անհամաչափության պատճառով Երևանի նախակրթարաններն արտոնյալ վիճակում են՝ փոքրիկներն անվճար մանկապարտեզ հաճախելու իրավունք ունեն, իսկ մարզերում կան համայնքներ, որտեղ երեխաների 35-60 տոկոսը մանկապարտեզ է հաճախում՝ վճարելով 4-8 հազար դրամ։ Երեխաների մյուս մասն աղքատության պատճառով նախակրթական ուսում չի ստանում։ Իսկ հատկապես գյուղական համայնքների մի մասում ընդհանրապես մանկապարտեզներ չկան։ Համայնքապետերը պատճառաբանում են, որ համապատասխան միջոցներ կամ մանկապարտեզի տարիքի բավարար երեխա չկա նախակրթարան աշխատացնելու համար։
Լոռու մարզի Մղարթ գյուղի դպրոցի շենքում տեղակայված մանկապարտեզի 3 դասասենյակները «Վորլդ Վիժըն» բարեգործական կազմակերպության հաշվին տարիներ առաջ հիմնանորոգվել են, անգամ կահավորվել, սակայն կարճ ժամանակ անց գյուղապետը փակել է դռներն ու հայտարարել, թե բյուջեում փող չկա մանկապարտեզ պահելու համար, ասում է Մղարթի դպրոցի տնօրեն, համայնքի ավագանու անդամ Աղաբեկ Մոսինյանը․ - «Անցած տարի մենք կարող էինք բացել այդ նախակրթարանը, որովհետև այսօր մեր առաջին դասարան 9 երեխա կար, բայց գյուղապետը չուզեց, ասաց՝ ֆինանս չունենք»։
Մղարթի արդեն նախկին գյուղապետ Երվանդ Նավասարդյանն «Ազատությանն» ասաց՝ գիտի հիմնանորոգված ու փակված մանկապարտեզի խնդիրը․ - «Մի քիչ բյուջեի հետ կապված խնդիր ունեինք, հիմա կդզվի, կաշխատացնենք»։
Մեկ ամիս առաջ Մղարթը միացավ հարևան Օձուն համայնքին։ Ըստ ավագանու անդամ Աղաբեկ Մոսինյանի, խոշորացած համայնքի ղեկավարը խոստացել է՝ կվերաբացի մանկապարտեզը․ - «Նորընտիր համայնքապետը մեր գյուղին երկու հաստիք է հատկացրել, որ մանկապարտեզը բացենք»։
Մի քիչ հեռու՝ Լոռու մարզի Դեբեդ գյուղում, արդեն 11 տարի մանկապարտեզ է գործում, բայց սաները նոր խաղալիքներ հազվադեպ են ունենում։ Մոտ 850 բնակիչ ունեցող գյուղի մանկապարտեզ հաճախող 19 երեխաների համար եզակի հնարավորություն է ստեղծել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը։ Ավստրալիացի բարերար Հովհաննեսը իր ծննդյան նվերը՝ մոտ 5,000 դոլար, նվիրաբերել է Դեբեդ գյուղի մանկապարտեզին, որի հաշվին ամբողջովին նորացվել է մանկապարտեզի մեկ սենյակ՝ ձեռք բերվել երեխաներին անհրաժեշտ գույք ու նորագույն խաղալիքներ։ Ավելի վաղ «Դեպի Հայք» բարեգործական կազմակերպության միջոցներով սենյակը վերանորոգվել էր։ Խաղասենյակի բացումն իսկսկան տոն էր գյուղի համար։
Մանկապարտեզի տնօրեն Աղունիկ Ավետիքյանն ասաց, որ տեղական բյուջեի հաշվին անգամ երազել չէին կարող նման բան․ - «Սրա նմանը չենք ունեցել դեռ։ Մենք խաղալիքների, զարգացնող խաղերի կարիքը շատ ունեինք, երեխաները հիմա հաստատ շատ հաճույքով կգան մանկապարտեզ»։
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ուսումնասիրություններից երևում է, որ ծնողների մոտանվստահություն կա մանկապարտեզների մանկավարժական անձնակազմի հանդեպ. ոլորտում արհեստավարժները քիչ են, ուսումնադաստիարակչական գործընթացը լիարժեք չի իրականացվում։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի երեխաների և ընտանիքի աջակցման ծրագրերի ղեկավար Թամարա Հարությունյանը նշում է, որ հիմնադրամը հոգում է նաև մանկավարժների մասնագիտական հմտությունները զարգացնելու մասին։ - «Իրականում մենք շատ ու շատ կարևորում ենք նախադպրոցական տարիքի երեխաների զարգացումը, որովհետև սա այն տարիքն է, երբ երեխան շատ արագ, մեծ տեմպերով սկսում է զարգանալ և որպես կանոն այս տարիքը միշտ բաց է մնում, և եթե արդեն նկատել եք՝ մեր համայնքներում, եթե կան մանկապարտեզներ, շատ-շատ աղքատիկ են, և երեխաները չունեն տարրական զարգացնող խաղեր, միջավայր։ Պիտի փորձենք ապահովել իրենց մանկությունը ավելի վառ գույներով», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Հարությունյանը։