ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում երեկվանից քննարկման է դրել Կառավարության որոշումների մի փաթեթ, որոնցով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:
Փաթեթի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է․ - «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում»:
Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկայացնել առաջարկություն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում (Ղազախստան, Բելառուսիա) Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելու համար: