Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանիում տապալվել է մանկապարտեզներն անվճար դարձնելու նախաձեռնությունը


Գյումրեցի երեխաներ, արխիվ

Գյումրիի ավագանիում տապալվել է քաղաքում գործող մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցով կառավարությանը ուղերձ հղելու՝ ընդդիմադիրների նախաձեռնությունը:

Ավագանու «Գալա» խմբակցությունն առաջարկել էր կառավարությունից 550 միլիոն դրամ պահանջել, որպեսզի աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքում ծնողները կարողանան երեխաներին անվճար մանկապարտեզ տանել: Գյումրիում 22 մանկապարտեզ է գործում: Այդ մանկապարտեզներ ընհանուր առմամբ շուրջ 2500 երեխա է հաճախում: Ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ պետական մանկապարտեզներն անվճար են, Գյումրիում նման մանկապարտեզների ամսական վարձավճարը 5-8 հազար դրամ է կազմում: Ըստ ընդդիմադիրների ուսումնասիրությունների՝ տարբեր պատճառներով շուրջ 1700 գյումրեցի երեխա մանկապարտեզ չի հաճախում:

«Գալա» խմբակցության անդամ Քրիստինե Մկրտչյանն ասում է, որ իրենց նախաձեռնությամբ ընդամենը ուզում էին առանց այն էլ սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքների բեռը թեթևացնել: Ավագանու խմբակցություններում հարցի քննարկումը երեկ բավականին բուռն է անցել: Ֆինանսական, ապա նաև իրավական հարցերի հանձնաժողովներում մեծամասնություն ունեցող «Բալասանյան» դաշինքը, ձեռնպահ քվեարկելով, «սառեցրել է» կառավությանն ուղերձ հղելու առաջարկը: Հանձնաժողովների նիստում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել է նաև Գյումրիի քաղաքապետը և հիմնական բանավեճը ծավալվել է հենց Սամվել Բալասնյանի և «Գալա» խմբակցության անդամների միջև:

«Բալասանյան» դաշինքի 4 անդամների ձեռնպահ քվերակելը 2 հանձնաժողովներում, ըստ Քրիստինե Մկրտչյանի, մի բան է մատնացույց անում՝ «դաշինքը փակուղում է»: Մինչդեռ «Բալասանյան» դաշինքից Իրավական հանձնաժողովի անդամ Հրայր Կարապետյանը, ով նաև մարզի կրթության վարչության պետն է, «Ազատությանն» ասաց՝ իրենք են իշխանությունը և ո՛չ փակուղում են, ոչ էլ վախենում են:

«Գալայի» նախաձեռնության առնչությամբ էլ նա ասաց, թե կողմ են, որ մանկապարտեզներն անվճար լինեն, պարզապես «ուղերձ հղելու ժամանակը չէ»: Հարցն, այդուհանդերձ, ընդգրկվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգ: Հրայր Կարպետյանն ասաց, որ «Բալասանյան» դաշինքի դիրքորոշումը հստակ է՝ ձեռնպահ են քվեարկելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG