Մատչելիության հղումներ

Բազմազավակ ընտանիքի տունը փլուզման եզրին է. մեղադրում են «Վեոլիա Ջուր» ընկերությանը


Սարի թաղում բնակվող Քոլոյանների տունը փլուզման եզրին է: Ընտանիքի մայրը՝ Աննա Քոլոյանը, պատմում է՝ ամեն ինչ սկսվեց երկու ամիս առաջ, երբ թաղի ջրահեռացման խողովակների հետ խնդիր էր ծագել:

«Ջրմուղկոյուղուց եկան, քանդեցին։ Առաջին անգամ մի պուճուրիկ ճեղք էր տվել, մագիստրալ ա գնում։ Տրաքեց՝ եկան դրեցին, հիմա դա փլուզման տակ ա։ Սենյակ մտնել չի լինում, տանիք չկա, ճեղքն էլ բացվել ա», ֊ պատմում է նա։

Ութ հոգանոց ընտանիքն օրվա մեծ մասն անցկացնում է դռան փոխարեն վարագույրով փակված սենյակում:

32-ամյա Աննան 4 տարի առաջ ամուսնու հետ Վանաձորից է տեղափոխվել Երևան: 5 անչափահաս երեխաների մայրը 53 հազար դրամ նպաստ է ստանում: Ընտանիքում միայն առողջական խնդիրներ ունեցող ամուսինն է աշխատում, իսկ կինը փորձում է համատեղել երեխաների խնամքն ու աշխատանքը։ ֊ «Գնում եմ տներ եմ մաքրում, կաստուրկա են կանչում շփում եմ, ուբորկա անում», ֊ պատմում է նա։

Աննայի 63-ամյա հայրը՝ Հակոբ Քոլոյանն ասում է՝ այլևս չի կարողանում ծանր աշխատանք անել. ֊ «Անձևը գալիս ա, լցվում երեխեքի վրա, էդ նորմալ չեմ համարում էլի, առողջականս չի հերիքում, չեմ կարողանում կռիշ բարձրանամ, որ վերանորոգեմ էլի, ֆինանս չկա: Գոնե ինչ-որ մեկն արձագանքեր ասեր՝ օգնենք ոտքի կանգնեք, տենց բան չկա»։

12-ամյա Մուրադը, ով ցուրտ սենյակում է քնում, ասում է՝ Ամանորին երազում է բջջային հեռախոս նվեր ստանալ, բայց հասկանում է, որ ծնողները չեն կարող նման նվեր գնել․ ֊ «Մամային չեմ ասում, որ ուզում եմ հեռախոս ունենալ, որ ասեմ, իրանք չեն կարող առնել, հազիվ հաց ենք առնում»:

Թեպետ երեխաներն Ամանորին անհամբերությամբ են սպասում, սակայն ընտանիքի մայրն ասում է՝ հնարավորություն չունեն Նոր տարին նշելու:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, հանրապետական Դավիթ Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ պատասխանատվությունը պետք է կրեն այն մարդիկ, որոնց պատճառով տեղի է ունեցել դեպքը: Եվ հավաստիացրեց՝ համայնքապետարանը կփորձի օգնել սոցիալապես անապահով ընտանիքին:

Իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարում է, որ չի պատրաստվում վերանորոգել պատը: Ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանի՝ «Ազատությանը» տրամադրած գրավոր պատասխանում նշվում է․ - «Այդ տունը կառուցված է առանց բետոնե կամ քարե հիմքի, ինչը շինարարական նորմերի խախտում է: Այս պայմաններում բնական պետք է համարել, որ հարևան տան վթարված ջրագծից դուրս հորդացած ջուրը քշել է հողի այն շերտը, որի վրա կառուցված է տունը: Արդյունքում պատը նստվածք է տվել: Քանի որ վթարի վայրը շինության խորքում էր գտնվում, մենք ստիպված ենք եղել որոշ չափով ընդլայնել արդեն իսկ առաջացած սողանցքը, որպեսզի բանվորները գոնե նվազագույն հնարավորություն ունենային տեղում աշխատել»:

Ընկերությունը հայտարարում է, որ իրենց դիրքորոշման հետ անհամաձայնության պարագայում բնակիչը կարող է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG