Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալներն այսօր մեկը մյուսի հետևից ցուցմունք էին տալիս, նշելով, թե ընդդիմադիր առաջնորդին միայն հեռուստացույցով են տեսել, անձամբ չեն ճանաչում։ Այնինչ, ըստ մեղադրանքի, նրանք Սեֆիլյանի ստեղծած զինված հանցախմբի անդամներ են։ Ավելին՝ մեղադրյալ Գալուստ Գրիգորյանը դատարանում աղմկահարույց հայտարարություն արեց, պնդելով, թե քննիչն իր փոխարեն կեղծ ցուցմունքներ է գրել, ինքն էլ առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու ստորագրել է: «Նենց բաներ ա գրած, որ ես ընդհանրապես ոչ թե տեղեկություն չունեմ, այլ գաղափար չեմ կազմում, չէի կարա ուղղակի մասնակիցը լինել»,- ասաց Գրիգորյանը:
Նա պնդեց՝ իրեն չեն տեղեկացրել, որ հարցաքննությանը կարող է պաշտպան ունենալ, այդ թվում և անվճար: Պատմեց՝ քննիչն ընկերական ջերմ մթնոլորտ էր ստեղծել, միասին սուրճ են խմել ու վստահել է նրան՝ առանց կարդալու ստորագրելով ցուցմունքները:
Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել այս գործով անցնող մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը: Դատարանում նա պատմել է, թե ընդդիմադիր առաջնորդի հետ ծանոթացել է «Ֆեյսբուքի» միջոցով, հետո նրանից հրահանգ է ստացել՝ պատրաստվել Նորքի հեռուստաաշտարակը գրավելուն։ Այսօր հարցաքննված մեղադրյալ Գալուստ Գրիգորյանը հայտարարեց, որ Հովհաննես Պետրոսյանն իր ընկերն է, խնդրել է իր վարձած մեքենայով երկու ինքնաձիգ տեղափոխել, բայց ինքը չի իմացել, թե ինչի համար է:
«Իսկ հետո ինձ հայտարարվում է, որ սրանով ուզում էին հեղափոխություն անեն, դու էլ էիր մասնակից դրան: Ի սկզբանե ես ինչ ցուցմունք անձամբ տվել եմ, ինչ-որ ես ասել եմ, որ ես դա ընդունում եմ, դա ես հիմա էլ եմ ասում: Բայց էն, ինչ դուք ընթերցեցիք, դա սկզբից մինչև վերջ հերյուրանք ա, նման բան չկա, նման բան ես չեմ ասել»,- շարունակեց Գրիգորյանը:
Մինչդեռ՝ ըստ իր իսկ նախաքննական ցուցմունքների, Գրիգորյանը պատրաստվել է Նորքի հեռուստաաշտարակը գրավել՝ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգով: Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց՝ քննիչը Գրիգորյանի փոխարեն ցուցմունքներ է գրել, հետո նույնությամբ դրանք արտատպել՝ իբրև հաջորդ օրերի հարցաքննություն: Փաստաբանն անգամ բառացի կրկնվող նախադասություններ ու տառասխալներ մեջբերեց:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ միջնորդեց միջոցներ ձեռնարկել՝ մեղադրյալին հարցաքննած քննիչի դեմ քրեական գործ հարուցելու համար: Դատարանը չքննեց այս միջնորդությունը։ Մյուս մեղադրյալ Ներսես Պողոսյանն ասաց, որ շփվել է Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Պետրոսյանի հետ, բայց զենքի մասին տեղյակ չէ, մեղադրանքը շինծու է․ «Լիքը մարդկանցով հավաքված մի տեղ նստած լինենք, ուրեմն դա նշանակում ա՝ ես զե՞նք եմ տեղափոխել»,- տարակուսեց Պողոսյանը:
Նա հայտարարեց նաև՝ որպես ակտիվ քաղաքացի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռ «Էլեկտրիկ Երևանի» ցույցերից, իսկ հիմա կալանավորել են, որպեսզի Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ կորզեն: «Էնքան բան են արել՝ ախպորս ավտոյի պակրիշկեն ա պոկվում, մերս ավարիայի տակ ա ընկնում միամիտ: Ես մի բան եմ ասում՝ տնեցիքիցս հեռու մնացեք»,- դատարանում ասաց Ներսես Պողոսյանը:
Նույն դատավարության շրջանակում է քննվում նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործը, որով անցնում է Գևորգ Սաֆարյանը։ Նա ցուցմունք տալիս հիշեց անգլիացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպը բռնապետական ռեժիմի մասին: «Ես հիմա եմ հասկանում, թե ինչու ժամանակին Օրուելը տոտալիտարիզմը ներկայացնելիս ոստիկանությանն անվանում ա մտքի ոստիկանություն: Ոնց երևում ա՝ մեր ոստիկանությունն էլ ա մտքի ոստիկանություն՝ իմ մտքերը կարդացել են և մեղադրանք են ներակայացրել, որ ես միտք եմ ունեցել զանգվածային անկարգություններ նախապատրաստել»,- ասաց Սաֆարյանը:
Նրա հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին, որը կկայանա 2018 թվականի հունվարին: Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է ցուցմունք տալ, նա թատերական ներկայացում է որակում դատավարությունը: