Մատչելիության հղումներ

Երկուշաբթի Ռուսաստանում պաշտոնապես կմեկնարկի նախագահական քարոզարշավը


Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները հերթական հանրահավաքն են անցկացնում Մոսկվայում, արխիվ
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները հերթական հանրահավաքն են անցկացնում Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի հաջորդ նախագահական ընտրությունների օրն արդեն հստակ է՝ դրանք տեղի կունենան 2018 թ․ մարտի 18-ին: Արդեն առաջիկա երկուշաբթի պաշտոնապես կմեկնարկի նախընտրական արշավը: Այժմ թեկնածուները մեկուկես ամիս ունեն, որպեսզի հավաքեն առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ թվով (100 հազար) ստորագրությունները, կուսակցական թեկնածուի դեպքում` 300 հազար:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման տարելիցի օրը: Այդ ընտրություններին, ինչպես արդեն հայտնի է, չորրորդ անգամ մասնակցելու է 2000 թվականից Ռուսաստանը ղեկավարող՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս, սակայն, որոշել է հանդես գալ ոչ թե որպես հարազատ «Եդինայա Ռոսիա» կուսակցության, այլ որպես ինքնաառաջադրված թեկնածու:

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև հեռուստալրագրող Քսենյա Սոբչակը, ով ներկայանում է որպես «բոլորին դեմ» թեկնածու: Նրա կարգախոսն է՝ «Դեմ եմ այս իշխանություններին, Պուտինին»: Ռուսաստանյան ոչ իշխանական շրջանակները, մինչդեռ, համոզիչ չեն համարում Սոբչակի ընդդիմադիր կեցվածքը, պնդելով, թե նա Կրեմլի աջակցությունը վայելող թեկնածու է:

Ինքը՝ Սոբչակը հերքում է իր և իշխանությունների միջև պայմանավորվածությունների մասին բոլոր պնդումները: Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին նույնպես հայտարարել է ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, սակայն Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե նա չի կարող առաջադրվել, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված Կիրովլեսի գործով, որն, ի դեպ, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, շինծու գործ է:

Այդուհանդերձ՝ Նավալնին վերջին ամիսներին ակտիվ քարոզարշավ է իրականացնում ռուսաստանյան խոշոր քաղաքներում՝ հավաքելով բազմահազար աջակիցների: Ըստ Նավալնիի, Ռուսաստանի Սահմանադրությունը չի արգելում իր մասնակցությունը, և եթե ԿԸՀ-ն իրեն որպես թեկնածու չգրանցի, նա սպառնում է իր հազարավոր աջակիցների հետ «ընտրողների գործադուլ կազմակերպել»:

Եթե Նավալնիին ի վերջո թուլ չտրվի մասնակցել սպասվող նախագահական ընտրություններին, ապա արդեն չորրորդ անգամ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի մրցել Ռուսաստանի նախագահական ընտրությունների ավանդական ու անփոփոխ թեկնածուների՝ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկիի, ԼԴՊՌ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի և Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի հետ:

Ռուսաստանի նախագահի թեկնածուների թիվն այս պահին 23 է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պանֆիլովայի խոսով՝ «հնարավոր է, որ այդ թիվն աճի»: Ի դեպ՝ երեկ Կրեմլի ղեկավարի ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինին հարց են տվել նաև մրցակիցների, ընդդիմության, մասնավորապես, Նավալնիի մասին: «Իշխանությունը երբեք ոչ մեկից չի վախեցել»,- ի պատասխան, հայտարարել է Պուտինը՝ բերելով Ուկրաինայի օրինակը, որտեղ «Պորոշենկոյի և Սաակաշվիլիի միջև առճակատումը ծանր քաղաքական ճգնաժամ է առաջացրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG