Մատչելիության հղումներ

ԱԳՆ խոսնակ․ Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել


Տիգրան Բալայան, արխիվ

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել, այն վերջին անգամ երկու օր առաջ Աթենքում հնչեցրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այսօր այս մասին «Ազատությանը» հայտնեց արտգործնախախարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության երեկվա հայտարարությանը:

Այդ հայտարարությամբ պաշտոնական Անկարան անդրադարձել էր Հունաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 13-ին Նալբանդյանի հնչեցրած խոսքին․ վերջինս, մասնավորապես, ասել էր․ «Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն:

Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանն արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018 թվականի գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում նշված է․ «Նալբանդյանն ասել է, որ Թուրքիան է պատասխանատու այդ արձանագրությունների վավերացման հետաձգման համար: Այդ պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը և նպատակ ունեն մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը»: Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հիշեցնում է՝ Անկարան հետամուտ է եղել Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը մի քանի մակարդակով այն պահից, երբ 1991-ին Հայաստանն անկախ պետություն հռչակվեց:

«Չնայած արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը, Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այդ արձանագրությունները դեռևս գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Դրանց վավերացման համար կարևոր է, որ Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն ապահովվի:

Այս պարագայում անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց լինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա: Ամեն դեպքում, Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի տարածքների նկատմամբ ոտնձգությանը»,- նաև նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի կարծիքով, Թուրքիան շարունակում է խորհրդարանում պահել ցյուրիխյան արձանագրությունները, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, թե քայլեր է կատարում Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար, հետևաբար՝ որևէ երկրի կամ կառույցի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը կարող է վնասել այդ գործընթացին:

«Դա լծակ է, որը Թուրքիան կարողանում է օգտագործել: Այս տարիների ընթացքում արձանագրությունները շատ ավելի ծառայեցին Թուրքիայի նպատակներին, որովհետև այն հայտարարությունները, ձևակերպումները, որոնք նախկինում տարբեր կառույցների կողմից ընդունվում էին մինչև 2008, 2009 թվականները, բացակայում էին մի շարք փաստաթղթերում: Դա վկայում է այն մասին, որ Թուրքիան կարողանում է իր շահերին ծառայեցնել այդ արձանագրությունները»,- «Ազատությանն» ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի քաղաքական վերնախավի, հանրության մեծ մասի համար ներկայումս երրորդական խնդիր է: «Թուրքիայում ներքաղաքական գործընթացները բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում, այնտեղ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցների թիվը նվազել է: Այն մտավորականները, ովքեր նախկինում խոսում էին այդ մասին, այժմ կաշկանդված են և չեն կարող խոսել»,- նշեց թուրքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG