Մատչելիության հղումներ

Միջազգային հակադոպինգային կառույցը զգուշացնում է՝ 300 ռուս մարզիկներ կասկածվում են խթանիչ օգտագործելու մեջ


Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը ռուսաստանցի գործող մարզիկների 300 անուններ է ուղարկել միջազգային սպորտային ֆեդերացիաներին, հայտնելով, որ նրանք կասկածվում են խթանիչներ օգտագործելու մեջ: Inside the Games պարբերականի փոխանցմամբ, այդ ցանկում տարբեր, այդ թվում ձմեռային մարզաձևեր ներկայացնող մարզիկներ կան:

Նրանցից ոմանք ցանկանում են չեզոք դրոշի ներքո մասնակցել 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիադային: Ըստ նախնական տեղեկությունների, 2012-2015 թվականների ընթացում այդ մարզիկների ստուգումների արդյունքները դրական են եղել, ինչը նշանակում է, որ վերջիններս խթանիչներ են օգտագործել, սակայն ենթադրվում է, որ այդ 300 մարզիկների ստուգումների արդյունքներն ավելի ուշ կեղծվել են: Inside the Games պարբերականը պնդում է, որ համաշխարհային հակադոպինգային գործակալությունը այդ տեղեկությունները ձեռք է բերել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների բազայից:

Նշված լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովը փախել էր Միացյալ Նահանգներ, նրա ցուցմունքների և հաղորդումների հիման վրա էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովը 2015-ին զեկույց պատրաստել՝ ռուսական սպորտում դոպինգների օգտագործումը պետական մակարդակով պաշտպանելու մասին:

Կրեմլը հերքում է պետական միջամտությունը դոպինգների օգտագործմանը: Ռուսաստանում Ռոդչենկովին հեռակա կարգով դատապարտել են ազատազրկման: 10 օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելեց Ռուսաստանի հավաքականին՝ մասնակցել առաջիկա ձմեռային օլիմպիադային: ՄՕԿ-ը երկու ուսումնասիրությունների արդյունքում ապացուցված համարեց, որ Ռուսաստանի իշխանությունները սպորտում խթանիչեր կիրառելու համակարգ են կազմակերպել։

Միաժամանակ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել էր, որ խթանիչներ չօգտագործած ռուսաստանցի մարզիկները կարող են մասնակցել ձմեռային օլիմպիական խաղերին չեզոք դրոշի ներքո: Ավելի ուշ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն համաձայնել է, որ ռուս մարզիկները չեզոք դրոշի ներքո մասնակցեն Հարավային Կորեայում առաջիկա փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG