Մատչելիության հղումներ

Ըստ դեսպան Միլզի՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի զինուժին


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռւչարդ Միլզ, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռւչարդ Միլզ, արխիվ

Այս շաբաթավերջին Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ թեև չի կարող խոսել ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի անունից, բայց կարող է ասել, որ նա հայտարարելու է՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերին։

«Ես նրա անունից խոսել չեմ կարող, սակայն Միացյալ Նահանգները ևս ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և կարող եմ նշել, որ նա մեկ անգամ ևս կհավաստի՝ մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի ուժերի կազմում խաղաղապահ գործողություններին մասնակցող բոլոր ուժերի համար ապահովել անհրաժեշտ ուսուցում, օժանդակություն, աջակցություն, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ իրականացնել աշխատանքը»,- ասաց ԱՄՆ դեսպանը։

Նրա խոսքով՝ արդեն երկուշաբթի Գոթեմյոլլերը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ դաշինքի բարձրաստիճան պաշտոնյային ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի այցին ընդառաջ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի առանցքային երկրներից մեկի դեսպանն այսօր նաև հույս հայտնեց, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն էլ ավելի կխորանա, ինչն էլ կնպաստի Հայաստանի զինված ուժերի ամրապնդմանը։

«Հայերը պետք է հպարտանան այն զինծառայողներով, ովքեր Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն են մասնակցում: Նրանք ՆԱՏՕ-ի կազմում նպաստում են Աֆղանստանում անվտանգության, կայունության ապահովմանը, ժողովրդավարությանը, որպեսզի Աֆղանստանն ահաբեկիչների համար ապահով վայրի չվերածվի, և հայ զինծառայողների ներդրումն այս առաքելության հաջողության գործում շատ կարևոր է»,- ասաց դեսպան Միլզը։

Հայաստանում այս օրերին անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում այսօր Հայաստանի արտգործնախարարությունից ուղիղ կապ ապահովվել Աֆղանստանում գտնվող հայ զինծառայողների հետ։ Նրանց հետ զրուցելու էին եկել վերջիններիս ընտանիքների անդամները։

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շարունակում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով համագործակցությունը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի առաջիկա այցին, Այվազյանն ասաց, որ անակնկալների չեն սպասում՝ դաշինքի պաշտոնյայի հետ քննարկվելու են հետագա ծրագրերը։ Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն էլ իր հերթին նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարկի տեղակալի այցը կարևոր է, այն «երկխոսության շարունակությունն է»։

Ի դեպ՝ այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին իր հավատարմագրերն է հանձնել կառույցում Հայաստանի առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը։ Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար: Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի առաքելություններին Հայաստանը ներկայումս մասնակցում է, համապատասխանաբար՝ 121 և 35 զինվորականներով:

Գլխավոր քարտուղարի խնդրանքով՝ Հայաստանի առաքելության ղեկավարը ներկայացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG