Մատչելիության հղումներ

Հիմնադրվեց Հայ կինոյի թանգարանը


Այսօր կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Մշակույթի նախարարի և մի խումբ կինոգործիչների հետ միասին ազդարարեց Հայ կինոյի թանգարանի հիմնադրման մասին:

«Շատ հուզիչ է, որ կինոյի մասունքները, որ ունենք, որտեղ մենք ծնվել, ապրել և մեծացել ենք և էստեղ էլ երևի պիտի մահանանք․․․ Մեզ համար շատ կարևոր մասունքներ են սրանք, և պիտի հավաքվեն մի հարկի տակ: Ի մեծ պատիվ պարոն Ամիրյանի՝ ասեմ ձեզ, որ շատ մեծ ոգևորությամբ ընդունեց թանգարան-սինեմատեկ ստեղծելու գաղափարը: Ունենք նաև Քաղաքաշինության նախարարի ոգևորությունը, որը շատ երջանիկ է այդ գաղափարով, որ քաղաքի կենտրոնում մի լուրջ միջազգային մշակութային կենտրոն», - ասաց Հարություն Խաչատրյանը:

Խաչատրյանի փոխանցմամբ, թանգարանը կգործի Կինոգործիչների միության շենքի մի քանի սրահներում և արխիվային նյութերով ու լուսանկարներով, ազդագրերով, գրքերով, կինեմատոգրաֆիստական տեխնիկայով կներկայացնի հայ կինոյի անցած ողջ պատմությունը․ - «Ոգևորված եմ, որ մենք կունենանք սինեմատեկ, որը չի լինի պատահական մի մեռած թանգարան, այլ կլինի գործող թանգարան, որտեղ և՛ դասեր կանցնեն, որտեղ և՚ ֆիլմեր կվերականգնվեն, որտեղ և՛ դասախոսություններ կլինեն, կլինի գրադարան, կլինի ֆիմլատեկա, կլինի փոքրիկ դահլիճ՝ նայելու համար ֆիլմեր: Այնպես որ, մենք կշարունակենք մեր երազանքը՝ հայկական կինոն տեղ հասցնելու: Որովհետև պարզվեց, որ կինոն չի մահանում, կինոն ավելի շատ ա պետք գալիս, ավելու ու ավելի շատ ա հետաքրքրիր դառնում աշխարհում, և դառնում ա լուրջ, կարևոր զենք»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց․ - «Մահանալու մասին լուրերը խիստ չափազանցված են, որովհետև իրականում, երբ մենք հավաքում ենք մեր կինոյի ժառանգությունը, մենք սրանով ապահովում ենք կինոյի շարունակականությունը և կինոյի ապագան: Սա, կարծում ենք, որ լինելու մեր թանգարանային աշխարհի լավագույն թանգարաններից մեկը, ամենահաճախելի թանգարաններից մեկը և ամենասիրիելի վայրերից մեկը»:

Թանգարանի հիմնադրման կապակցությամբ ստեղծվել է համակարգող խորհուրդ, որի նախագահ, երիտասարդ կինոռեժիսոր Հայկ Բաբայանը կոչ է անում մեր կինոգործիչներին իրենց տանը պահպանվող հայ կինոյի արժեքավոր իրեր, լուսանկարներ տրամադրել թանգարանին՝ այսպիսով հարստացնելով թանգարանի ցուցադրական ֆոնդը․ - «Որովհետև եթե մենք մեր հայ կինոյի անցյալպատմությունը մոռանանք, ուրեմն ներկայում ու ապագայում մեն ք ոչինչ չունենք անելու: Ընդամենը մի բան եմ ուզում ասել՝ սիրենք հայկական կինոն: Սրանով ամեն ինչ ասված է»:

Մեր ամենատարեց կինոգործիչներից մեկը՝ անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանն այսօր առաջինը օրինակ ծառայեց՝ իր անձնական արխիվի մի մասն ու տասնամյակներ շարունակ գործածած իր ձեռքի կինոխցիկը, որով բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, նվիրեց նորաստեղծ թանգարանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG