Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել է Ղրիմի էլեկտրակայանին տուրբինների փոխանցման գործարքն ապօրինի ճանաչելու դրանք արտադրած Siemens գերմանական ընկերության հայտը:
Որոշումն ընդունել է նույն դատարանը, որը 4 ամիս առաջ մերժել է տուրբիններն առգրավվելու և փոխանցումը Ղրիմի կանխելու Siemens-ի պահանջը:
Գերմանական ընկերությունը հուլիսին դատական գործ է հարուցել Technopromexport ռուսական ընկերության դեմ այն բանից հետո, երբ պարզվել է, որ ռուսական կողմը ձեռք բերված տուրբինները փոխադրելու է Ղրիմ և տեղադրելու է գրավված թերակղզու էլեկտրակայանում:
Ի պատասխան ռուսների կողմից 2014 թվականին թերակղզու գրավման՝ Եվրամիությունը սահմանել է պատժամիջոցներ, որոնցից մեկի համաձայն արգելվում է Ղրիմ փոխադրել եվրոպական արտադրության տեխնոլոգիաները և սարքավորումները:
Տուրբինները մոնտաժվել են Ռուսաստանում՝ Siemens-ի հետ համատեղ ձեռնարկությունում և 2015 թվականին վաճառվել են Technopromexport ընկերությանը:
Siemens-ը պնդում է, որ ըստ պայմանագրի, այդ տուրբինները պետք է տեղադրվեին Ռուսաստանի հարավում՝ Տամանի էլեկտրակայանում, սակայն Technopromexport-ը խախտել է պայմանագիրը և արտադրանքն ուղարկել է Ղրիմ:
Այդ խաբեության կապակցությամբ Եվրամիությունը սահմանել է նոր պատժամիջոցներ, որոնք Մոսկվան գնահատել է որպես «անբարյացակամ և անարդար որոշում»: