Մատչելիության հղումներ

«Պուտին բաբայը» ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված


ՌԴ նախագահն ամենամյա ավանդական ասուլիսին պատասխանում է լրագրողների հարցերին, 14-ը դեկտեմբերի, 2017 թ․

Այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա՝ արդեն ավանդական դարձած մամլո ասուլիսը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը հաջորդ տարվա մարտին կայանալիք նախագահական ընտրություններին չի գնա որպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, նա ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված, սակայն ակնկալում է և՛ քաղաքական ուժերի, և՛ բնակչության աջակցությունը։ Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր կայացած ամենամյա ավանդական մամուլի ասուլիսին:

Նշենք, որ ասուլիսին ներկա լրագրողներից մեն իր հետ բերել էր մի պաստառ որի վրա գրված էր «Պուտին բաբայ», ինչը թաթարերենից թարգմանաբար նշանակում է «Պուտին պապիկ»: Թաթարստանում ժամանակին այդպես էին կոչում Լենինին՝ «Լենին բաբայ»: Այդ պաստառն արդեն դարձել է համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը։

Այսօրվա ասուլիսի ժամանակ Պուտինին թերևս ամենասուր հարցը տվել է առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու հայտ ներկայացրած՝ հեռուստահաղորդավար և լրագրող Քսենյա Սոբչակը: Սակայն, նախ Պուտինն է նրան հարց ուղղել․ «Դուք բոլորին դե՞մ եք, այստեղ հավաքվածների՞ս եք դեմ»: Սոբչակը պատասխանել է․ «Ոչ, ես դեմ եմ այն բանին, որ Ռուսաստանում իշախանությունը չի փոխվում»:

Սոբչակն այնուհետև ասել է․ «Թեև և՛ դուք, և՛ ձեր խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում եք, թե Ռուսաստանում չկա հասուն ընդդիմություն, իրականում նման ընդդիմություն կա։ Նավալնիին իշխանությունները սարքած քրեական գործով չեն թողնում մասնակցել ընտրություններին, թեև եվրոպական դատարանն արդեն ապացուցել է, որ այդ [Կիրովլեսի] գործն օրինական չէ։ Ինձ խոչընդոտում են ընտրարշավ կազմակերպելիս, տարածքներ չեն տրամադրում»։

Ի պատասխան՝ Պուտինը ռուսաստանցի հայտնի ընդդիամդիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին համեմատել է Սաակաշվիլիի հետ: Ընդ որում՝ ինչպես միշտ, այս անգամ էլ Պուտինը Նավալնիի անունը չի հնչեցրել, ասելով․ «Դուք ուզում եք, որ Ռուսաստանու՞մ էլ Սաակաշվիլիի օրինակով մարդիկ անկարգություններ կազմակերպեն: Ձեր նշած մարդիկ նույն Սաակաշվիլին են, պարզապես՝ ռուսաստանցի։ Մեր ժողովուրդը չի ուզում, որ մեր երկրում լինեն մայդաններ, ինչպես Ուկրաինայում, և թույլ չի տա մայդաններ»:

Ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, ասել է, թե Ռուսաստանի իշխանությունները կապահովեն երկրի անվտանգությունը, սակայն չեն գնա սպառազինության մրցավազքի։ Պուտինը նաև որոշ տվյալներ է ներկայացրել․ ըստ այդմ՝ սպառազինության վրա Ռուսաստանը տարեկան ծախսում է մոտ 47 միլիարդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ն՝ 700 միլիարդ դոլարից ավելի: ՌԴ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը նման ծախսեր իրեն չի կարող թույլ տալ, սակայն այն, ինչ ծախսում է, բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար։

Պատասխանելով ABC-ի լրագրողի հարցին, Պուտինը նախ գովել է ԱՄՆ նախագահ Թրամփին, ասելով, թե մեկ տարվա ընթացքում նա բավական դրական արդյունքներ է ցույց տվել, ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, ՌԴ նախագահի ընդգծմամբ՝ դրանք «ուշ թե շուտ կարգավորվելու են», քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ երկու երկրները կարող են համագործակցել։

Ամերիկյան ընտրություններին ՌԴ իշխանությունների միջամտության հարցի շուրջ խոսելիս, Պուտինը հերթական անգամ հերքել է այդ պնդումները, «նման տրամադրություններ» սերմանելու մեջ մեղադրելով Թրամփի հակառակորդներին։ Պուտինը դարձյալ շեշտել է՝ այդ մեղադրանքները «պարզապես ծիծաղելի են»: Հարցի համատեքստում ՌԴ ղեկավարն ասել է, թե ռուսական լրատվամիջոցների ազդեցության չափաբաժինը ԱՄՆ-ում «չնչին է» և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ։

Բավականաչափ մանրակրկիտ կերպով պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին, Պուտինը դարձյալ հայտարարել է, թե Դոնբասում ռուսական բանակ չկա, «այնտեղ ստեղծվել են տեղական զինված խմբեր, որոնք կարողանում են ինքնուրույն դիմակայել ռազմական սպառնալիքներին»։ Բանախոսը ևս մեկ անգամ ընդգծել է՝ ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգ են, Ռուսական կայսրություն Ուկրաինան մուտք է գործել ընդամենը երեք մարզով, իսկ երբ դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, արդեն հսկայական տարածք ուներ։ ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Պուտինի խոսքով՝ այն ժամանակին Ուկրաինային է փոխանցվել ապօրինի կերպով:

Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Սաակաշվիլիի մասին, մասնավորապես, նշելով, թե վերջինս Ուկրաինայում կատարած իր գործողություններով «թքում է» ուկրաինացի և վրաց ժողովուրդների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG