Մատչելիության հղումներ

Թուրքիան հակադարձում է Վաշինգտոնից հնչող կոշտ հայտարարություններին


Վաշինգտոն, Սպիտակ տուն, 16-ը մայիսի, 2017 թ․, արխիվ
Վաշինգտոն, Սպիտակ տուն, 16-ը մայիսի, 2017 թ․, արխիվ

Պաշտոնական Անկարան խստորեն քննադատում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցով խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերի վերջին հայտարությունները, որոնցում վերջինս Թուրքիայի իշխանություններին մեղադրել է աշխարհով մեկ իսլամական  ծայրահեղականության գաղափարների տարածմանն ուղղված քայլեր ձեռնարկելու մեջ:

«Ազգային Անվտանգության գծով խորհրդական ՄըքՄասթերի հայտարարությունները զուրկ են փաստական որևէ հիմքից, ապշեցուցիչ են, հիմնազուրկ և անընդունելի: Ամերիկացի պաշտոնյան պետք է որ տեղյակ լիներ, թե ինչպես է Թուրքիան պայքարում ահաբեկչության և բոլոր տեսակի արմատականության դրսևորումների դեմ»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը` հինգշաբթի տարածած գրավոր հայտարարության մեջ:

Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հերթական դիվանագիտական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը բրիտանական Policy Exchange վերլուծական կենտրոնի կողմից Վաշինգտոնում կազմակերպված քննարկման ժամանակ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդականը Թուրքիան համեմատեց Պարսից ծոցի արաբական այն միապետությունների հետ, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորում էին առավել ծայրահեղական հայացքներով աչքի ընկնող իսլամական կազմակերպությունների գործունեությունը:

«Թուրքիան հետևում է Քաթարի օրինակին` վերածվելով ծայրահեղական գաղափարախոսության տարածումը ֆինանսավորող առաջնային աղբյուրներից մեկի»,- նշում էր ամերիկացի պաշտոնյան, մանրամասնելով` «Թուրքիայի ներգրավումն այդ գործընթացներում մենք տեսնում ենք ամենուր` Արևմտյան Աֆրիկայից մինչև Հարավ-արևելյան Ասիա: Բալկանները ևս լուրջ մտահոգություններ են առաջացնում»:

Զարգացնելով իր միտքը` Հերբերտ ՄըքՄասթերը նաև հայտարարում էր, թե պաշտոնական Անկարան արտերկրի իսլամիստներին ցուցաբերվող աջակցության առումով կրկնօրինակում է Սաուդյան Արաբիայի կողմից դեռ տասնամյակներ առաջ` 70-ական թվականներին որդեգրած մարտավարությունը:

«Այն ժամանակ մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք այն ուղիների վրա, որոնց միջոցով լայնորեն տարածվում էր ծայրահեղական գաղափարախոսությունը` կրոնական դպրոցներ, մզկիթներ և, այսպես կոչված, բարեգործական կառույցներ»,- նշում էր Հերբերտ ՄըքՄասթերը: Թրամփի խորհրդականի խոսքով` «Էրդղանի իշխանության օրոք Թուրքիան աստիճանաբար հեռանում է Արևմուտքից»:

Թուրքիայի արտգործնախարարությունը, սակայն, երեկ տարածած հայտարարության մեջ կրկին նշել է, որ Անկարան ցանկանում է պահպանել դաշնակցային հարաբերությունները ամերիկացիների հետ: «Թուրքիան շարունակում է Միացյալ Նահանգները դիտարկել որպես բարեկամ և դաշնակից պետություն և նույն վերաբերմունքն է ակնկալում Վաշինգտոնից»,- նշված է թուրքական դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ:

Ի դեպ, թուրքական կողմի կոշտ արձագանքը կարծես պաշտոնական Վաշինգտոնին որոշակիորեն ստիպել է վերաձևակերպել Հերբերթ ՄըքՄասթերի վերջին հայտարարությունները: Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում Միացյալ Նահանգների Ազգային Անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, նշել է․

«Միացյալ Նահանգները հավատարիմ են Թուրքիայի հետ ռազմավարական գործակցության ոգուն: Այդ համագործակցությունը միտված է տարածաշրջանում կայունության վերահաստատմանը և ահաբեկչության բոլոր տեսակի դրսևորումների դեմ պայքարին»,- ասել է թուրքական գործակալության զրուցակիցը` հավելելով․ «Սահմանների անվտանգության ամրապնդմանը, Թուրքիայի տարածքով «Իսլամական պետության» զինյալների հոսքը կանխելուն և Սիրիայի խոշորագույն քաղաքաներն այդ խմբավորման զինյալներից զտելուն ուղղված՝ Անկարայի ջանքերը մենք բարձր ենք գնահատում»:

Ամերիկացի պաշտոնյաի պնդմամբ՝ առաջիկայում պայքարի հիմնական ուղղություններն են լինելու ահաբեկչության ֆինանսավորման կանխումն ու բռնությունն արդարացնող գաղափարախոսության տարածման սահմանափակումը: «Միացյալ Նահանգները կփորձի հնարավորություններ գտնել` այս խնդիրների շուրջ Թուրքիայի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով»,- նշել է ամերիկյան Ազգային Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG