Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը պետք է համոզի Սիրիային խաղաղություն հաստատել»


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան Դե Միստուրան, Ժնև, 13 դեկտեմբերի, 2017թ.
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան Դե Միստուրան, Ժնև, 13 դեկտեմբերի, 2017թ.

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնած Ստաֆան Դե Միստուրան Ռուսաստանին հորդորում է համոզել Սիրիայի կառավարությանը խաղաղություն հաստատել և ավարտել գրեթե 7 տարի տևող քաղաքացիական պատերամը:

RTS շվեյցարական հեռուստատեսությանը երեկ տված հարցազրույցում Դե Միստուրան ասել է, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ խաղաղություն հաստատելու գործարքի ձախողումը կարող է հանգեցնել Սիրիայի մասնատման:

Դեկտեմբերի 11-ին Սիրիա կատարած անակնկալ այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Հմեյմիմ» ռազմակայանում ասել է, որ «Սիրիայում ռուսական ուժերի առաջ դրված խնդիրները հիմնականում կատարվել են, միջազգային ահաբեկչական խոշոր խմբավրումները պարտություն են կրել, և ռուսական ուժերի մեծ մասը վերադառնում է հայրենիք»:

«Ազդարարելով Սիրիայում ռուսական ուժերի գործողության ավարտը՝ Պուտինը պարտավոր է համոզել Սիրիայի կառավարությանը, որ չի կարելի ժամանակ կորցնել: Դու կարոզ ես մտածել, թե տարածք ես շահել, բայց կարևորը խաղաղություն շահելն է»,- ասել է Ստաֆան Դե Միստուրան և ավելացրել.- «Խաղաղություն վաստակելու համար դու պետք է խիզախություն ունենաս և կառավարությանը համոզես, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի միջնորդությամբ ընդունել նոր սահմանադրություն և անցկացնել նոր ընտրություններ»:

Սիրիայում 7 տարի տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 340 հազար մարդ, ավելի քան 11 միլիոն մարդ տեղահանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG