Մատչելիության հղումներ

Հարկավոր է ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ. Կարեն Կարապետյան


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանությանը, մարզպետներին, ինչպես նաև առաջարկել Երևանի և Գյումրու քաղաքապետերին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրու, Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէի, վարչապետը հանձնարարել է առանձնակի կարևորել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները, և արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և այդ կապակցությամբ ակնկալվում է նաև զբոսաշրջային այցեր։

Վարչապետի մյուս հանձնարարականը Հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակմանն է վերաբերել:

«2015 թվականին ընդունվեց Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Այս ժամանակահատվածում կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը։ Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմներ», - ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարման աշխատանքները, 30-օրյա ժամկետում՝ ըստ ոլորտի մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել արդարադատության նախարարությանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները:

«Հանձնարարվել է նաև սահմանված ժամկետներում ամփոփել հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջոցառումները և դրանց արդյունքները, այնուհետև ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ապահովելով դրա հասանելիությունը հնարավորինս լայն զանգվածներին», - ասված է հաղորդագրությունում։

Իսկ արդարադատության նախարարին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, հստակ արձանագրել թիրախային նոր ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշներ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Հանձնարարվել է նաև փաստաթղթի մշակման աշխատանքներում հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների, իրավաբան գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG