Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին հրապարակել է իր նախընտրական ծրագրի համառոտ տեքստը


Ալեքսեյ Նավալնի, արխիվ

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին երեկ հրապարակել է իր նախընտրական ծրագրի համառոտ տեքստը։

Նա առաջարկում է լուծարել Ռուսաստանի թոշակային հիմնադրամը, որն այսօր ներդրումային ծրագրեր է իրականցնում, փոխարենը ստեղծել նոր հիմնադրամ և դրան փոխանցել «Գազպրոմ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների շահույթը։

Ընդդիմադիր գործիչը նաև հայտարարում է, որ Ռուսաստանի պես բնական պաշարներով հարուստ երկրում նվազագույն աշխատավարձը չի կարող լինել 25 հազար ռուբլուց պակաս, 25 հազարը մոտ 400 դոլար է։

Նավալնիի նախընտրական ծրագրի մի զգալի մասը կազմում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Ընդդիմադիր գործիչն առաջարկում է այդ պայքարն արդյունավետ դարձնելու համար ստեղծել նոր կառույց, որը չի լինի իրավապահ մարմինների կազմում։

Նավալնին նաև համոզված է, որ պետք է պետական ընկերությունների գործունեությունը վերահսկող հատուկ մամին գործի։

Նա առաջակում է նաև կրճատել պետական ապարատը, ազատել բիզնեսը պետության վերահսկողությունից, երաշխավորել դատական համակարգի ազատությունն ու անկախությունը, վերադառնալ նախագահական նախկին՝ չորս տարվա ժամկետին, վերացնել պարտադիր զինվորական ծառայությունը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Նավալնին առաջարկում է հաշտվել աշխարհի հետ, ինչի համար, ըստ ընդդիմադիր գործչի, պետք է վերջ տալ Ուկրաինայի դեմ ագրեսիան։ Ղրիմի թեման գործիրը փորձում է դիվանագիտորեն շրջանցել։ Ծրագրում նշված է. - «Ղրիմի խնդիրը կարգավորելու համար պետք է գտնել տեղի բնակչության օգտին մի որևէ օրինական որոշում»։

Ալեքսեյ Նավալնին նաև առաջակում է վիզային ռեժիմ սահմանել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Նախկինում նա հայտարարում էր, որ վիզային ռեժիմ անհրաժեշտ է սահմանել նաև Հարավային Կովկասի երկրների հետ, նախընտրական ծրագրում, սակայն, Հարավային Կովկասի մասին խոսք չկա։

Ռուսաստանցի դիտորդները նկատում են, որ Նավալնին այնքան էլ հաջող ժամանակ չի ընտրել՝ իր նախընտրական ծրագիրը հրապարակելու համար։ Հիշեցնենք՝ նա ծրագիրը հրապարակել է երեկ երեկոյան, իսկ այսօր Ռուսաստանում բոլորի ուշադրության կենտրոնում նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական ամենամյա մամուլի ասուլիսն է։

Հիշեցնեն՝ Նավալնին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին հայտարարել էր մեկ տարի առաջ և արդեն շուրջ կես տարի է ակտիվ քարոզարշավ է անցկացնում՝ հրավիրելով բազմահազարանոց ցույցեր և երթեր Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։

Նշենք, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պանֆիլովան դեռ ամիսներ առաջ հայտարարել է, որ Նավալնին, որպես նախագահի թեկնածու, կգրանցեն միայն այն դեպքում, եթե հանվի նրա դատվածությունը։

Այսինքն՝ եկող տարի մարտին կայնալիք ընտրություններին ընդդիմադիր գործիչը մասնակցելու շանսեր գրեթե չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG