Աշխարհի 57 մահմեդական պետությունները միավորող «Իսլամական համագործակցություն» կազմակերպությունը խստորեն քննադատում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը վերատեղակայելու մասին որոշումը:
Կազմակերպության անդամները, երեկ Ստամբուլում կայացած արտակարգ հավաքի ընթացքում, դիմում էին պաշտոնական Վաշինգտոնին` Երուսաղեմի կարգավիճակի շուրջ որոշումը վերանայելու պահանջով:
Ստամբուլում կայացած հավաքի ընթացքում Իսրայելի և Միացյալ Նահանգների հասցեին ուղղված խիստ քննադատության պակաս չէր զգացվում: Բայց նույնիսկ այդ ֆոնին «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նախագահությունը ստանձնած Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները աչքի էին ընկնում անզիջում և կոշտ տոնայնությամբ:
Թուրքիայի նախագահը իսլամական պետությունների ղեկավարներին կոչ էր անում գործուն քայլերի դիմել` Պաղեստինի խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու համար:
«Ես կոչ եմ անում բոլոր պետություններին սատարել միջազգային իրավունքի նորմերը և ճանաչել Երուսաղեմը որպես Պաղեստինի օկուպացված մայրաքաղաք: Հապաղումն այլևս անթույլատրելի է», -հայտարարում էր Էրդողանը:
Թուրքիայի նախագահը երեկ կայացած համաժողովի ընթացքում նաև կոնկրետ գործողությունների առաջարկով էր հանդես գալիս:
«Հարկավոր է խթանել Պաղեստինի` միջազգային կառույցներում և միջազգային կոնվենցիաներում ներգրավման գործընթացը: Իսլամական պետություններն այս հարցում պետք է ավելի շատ կամք ու հաստատակամություն ցուցաբերեն», - հայտարարում էր Էրդողանը:
Իսլամական աշխարհի առաջատարներից մեկի դերակատարությանը հավակնող Իրանի նախագահ Հասան Ռոհանին համաժողովի մասնակիցներին ևս կոչ էր անում հստակ քայլերի հաջորդականություն մշակել, որը թույլ կտա հակազդել Իսրայելի գործողություններին:
«Պաղեստինի խնդիրը կրկին պետք է դառնա իսլամական աշխարհի առաջնահերթությունը: Չնայած «Իսլամական պետության» ջախջախմանը և մյուս ահաբեկչական կառույցների դեմ պայքարի անհրաժեշտությանը, մենք չպետք է աչքաթող անենք այն վտանգը, որ ներկայացնում է Իսրայելը». - հայտարարում էր Ռոհանին:
Իրանի նախագահն, ի դեպ, երեկ ակնարկում էր, որ Երուսաղեմի խնդրում Թեհրանը պատրաստ է համագործակցել նույնիսկ տարածաշրջանում իր թիվ մեկ մրցակցի` Սաուդյան Արաբիայի հետ:
«Իրանի իսլամական հանրապետությունը առանց որևէ նախապայմանի պատրաստ է համագործակցել ցանկացած մահմեդական պետության հետ՝ հանուն Երուսաղմեի պաշտպանության», - հայտարարում էր Հասան Ռոհանին։