Մատչելիության հղումներ

Արայիկ Խանդոյան․ «Ամբաստանյալ բառը չօգտագործվի»


«Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և մյուսները այսօրվա դատական նիստի ընթացքում լքեցին նիստերի դահլիճը։

Երբ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը սկսեց հրապարակել գրավոր ապացույցները, Արայիկ Խանդոյանը ընդհատեց՝ հորդորելով իրենց չդիմել որպես ամբաստանյալ։

Թե՛ Խանդոյանը և թե՛ մյուսները հայտարարեցին, որ չեն ուզում լսել դատախազներին, և հեռացան նիստերի դահլիճից։ Նրանք կրկին պնդեցին, որ իրենք զինված ապստամբություն են արել, իսկ այդ հանգամանքն այս գործով չի քննվում:

«Ինձ սարքել եք հոգեկան արդեն, ես չեմ կարում ինձ տիրապետեմ, ես խնդրում եմ բոլորին՝ մեր հարձակվողներից բռնած, դատարան կոչեցյալ, դատախազ-մատախազ, ինչ ուզում ա ընլի, հանկարծ ու հանկարծ ինձ չստիպեք ես ցենզուրայից դուրս գամ, ամբաստանյալ բառը չօգտագործվի», - հայտարարեց Արայիկ Խանդոյանը:

Ընդմիջումից հետո ամբաստանյալներին կրկին բերեցին նիստերի դահլիճ, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը թույլատրել նրանց չմասնակցել ապացույցների հրապարակման փուլին։ Բայց դատարանից հեռացան միայն Արայիկ Խանդոյանն ու Մխիթար Ավետիսյանը, մյուսները որոշեցին մնալ դահլիճում։

Երևանում անցած տարի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված խմբի առանցքային անդամ Վարուժան Ավետիսյանը, ով այս որոշումից առաջ մյուսների հետ լքել էր նիստերի դահլիճը, ասաց, որ առայժմ կմնան դատարանում և կհեռանան՝ իրավիճակից կախված:

Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանը հրապարակեցին գրավոր ապացույցները, որոնք վերաբերում են զինված խմբի կալանավորումից հետո գնդի տարածքում կատարված քննչական գործողություններին։

Մեղադրող դատախազը հրապարակեց գունդը գրավելու, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի հետ կապված քննչական գործողությունները։

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի մասով գրավոր ապացույցները հրապարակելիս, դատախազ Արամ Արամյանը անդրադարձավ նաև վիրավորված ոստիկանների հետ կապված դրվագներին:

Հիշեցնեմ, «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG