Մատչելիության հղումներ

Նոր օրենքը հնարավորություն կտա ամռանն արտադրված արևային էներգիան սպառել ձմռանը․ Պաշտոնյա


Արևային էլեկտրակայան Ծաղկաձորում, արխիվ
Արևային էլեկտրակայան Ծաղկաձորում, արխիվ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում: Արդեն իսկ մշակված այդ փոփոխությունները, ըստ հեղինակների, հնարավորություն են տալու ամռանն արտադրված արևային էներգիան կուտակել և սպառել ձմռանը․ գործող օրենքով՝ կուտակված էներգիան կարելի է սպառել միայն մեկ ամսվա ընթացքում:

Ըստ գործող օրենքի, ցանկացած անհատ կամ ընկերություն իր կարիքների համար առանց հարկերի և լիցենզիայի կարող է ունենալ մինչև 150 կվտ հզորությամբ սեփական արևային կայան: Առաջարկվող փոփոխություններով՝ այդ հզորությունը կհասցվի 500 կվտ-ի:

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը բացատրում է․ «Մեխանիզմն ինչպես է իրականացվում՝ ամսվա կտրվածքով արտադրված և սպառված էլեկտրաէներգիան փոխանակվում է ցանցի հետ: Եթե ավել է մատակարարվել, ցանցն իրեն վճարում է: Նախատեսվում է, որ այս 150 կվտ-ի սահմանաչափը հասցվի 500 կվտ-ի, որպեսզի հնարավորություն ընձեռվի խոշոր սպառում ունեցող անձանց՝ նույնպես իրականացնել ինքնավար էներգաարտադրություն: Դա հնարավորություն կտա փոքր և միջին բիզնեսին էլ ընդգրկել այս մեխանիզմներում, այսինքն՝ պլանավորել սեփական սպառումը սեփական արտադրությամբ»:

Մասնագետներն օրենքում կատարվելիք փոփոխությունները դրական են գնահատում: «Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Տիգրան Օխանյանն ասում է․ «Դա մեզ հնարավորություն է տալիս օգտագործել արևային համակարգերը ջեռուցման համար: Նույնիսկ հաշվարկները ցույց են տալիս, որ դրանք մրցակցային են դառնում գազի սակագների համեմատ»: Արևային պանելներ արտադրող «Սոլարոն» ընկերության կոմերցիոն տնօրեն Էմմա Ալլախվերդյանն էլ նկատում է․ «500 կվտ-ը փոքր և միջին բիզնեսի ծախսերը և սպառումը բավարարելու համար բավականին լուրջ թիվ է, դա հնարավորություն կտա իրենց ծախսերը մեծ չափով կրճատել»:

Որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի մեկ ընտանիքնին՝ արևային կայան ունենալու համար: Տիգրան Օխանյանի խոսքով՝ օրինակ 5 հոգանոց ընտանիքին անհրաժեշտ կլինի 3-5 կվտ-անոց հզորությամբ հոսանքի արևային կայան, որը կարժենա 2500-ից մինչև 4200 դոլար: «Այն գումարը, որը պետք է վճարեին ամսական էլեկտրաէներգիայի համար որպես վարձ, դա կարող են վճարել, ուղղել արդեն վարկի մարմանը: Արևային համակարգերի տեղադրման և օգտագործման ժամկետը 25 տարուց ավելի է: Այսինքն՝ 5-7 տարի հետո մարդը կարող է լիովին անվճար օգտվել արևային բարիքներից ու չմտածել էլեկտրաէներգիայի վարձի մասին»,- ասում է Օխանյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն արևային էներգէտիկայի զարգացումը դրական է գնահատում, սակայն մտահոգիչ է համարում ոլորտում կատարվելիք ներդրումների ծագումը, ինչպես նաև՝ ոլորտի հնարավոր մոնոպոլիզացումը: «Ըստ որոշ խոսակցությունների՝ «Տաշիր» խումբն է, որ նորից ուզում է այդ բնագավառում ներդրումներ անել և ինքը դառնա գերմոնոպոլ էներգետիկ համակարգում՝ ունենալով ՀԷՑ․․․․նաև արևային էներգիայի կայանների լիցենզիա: Եթե կա իքս մարդ, որն ամեն ինչում ինքը պիտի լինի, ինձ համար ընդունելի չէ: էներգետիկան պետք է լինի մրցակցային»,- «Ազատությանն» ասաց Խաչատրյանը:

Այսօր Արմավիրի մարզում շահագործման է հանձնվել արևային նոր էլեկտրակայան: Սա արևային 2-րդ կայանն է, որի արտադրած էներգիան փոխանցվելու է «Տաշիր գրուպին» պատկանող «Հայկական էլեկտրական ցանցերի» բաշխիչ կայաններին: Արևային տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում ներկայումս գործում է 12 լիցենզավորված ընկերություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG