Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է ռեկորդային ցածր լինել․ «Լևադա»


Ռուսաստանում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է ռեկորդային ցածր լինել: Այսօր «Վեդեմոստի» պարբերականը, հղում անելով «Լևադա» կենտրոնի՝ դեկտեմբերին իրականացրած հարցման արդյունքներին, հետևյալ տվյալն է ներկայացրել՝ հարցված ռուսաստանցիների միայն 58 տոկոսն է հայտնել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Մինչ այժմ ընտրողների ամենացածր մասնակցությունն արձանագրվել է 2004-ին կայացած ընտրությունների ժամանակ՝ 64 տոկոս: «Լևադայի» հարցման համաձայն՝ եթե մինչ 2018-ին կայանալիք ընտրությունները ռուսաստանցիների տրամադրությունները չփոխվեն, մասնակցությունը կարող է անգամ 58 տոկոսից ցածր լինել: Դեկտեմբերին հարցվածների 28 տոկոսն ասել է, որ ընտրություններին հաստատ մասնակցելու է, 30 տոկոսը «հավանաբար մասնակցելու է», հարցվածների ևս 20 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: 19 տոկոսն էլ «հաստատ չի մասնակցելու» քվեարկությանը:

Ռուսական աղբյուրներն ավելի վաղ հայտնում էին, թե Կրեմլն ակնկալում է տեսնել Պուտինի հաղթանակն ընտրությունների առաջին իսկ փուլում, իսկ ընտրություններին, համաձայն նույն ակնկալիքների, կմասնակցի ընտրողների առնվազն 70 տոկոսը: Ընդ որում՝ ռուսական մամուլի հրապարակումների համաձայն, իշխանությունները որոշել են այս անգամ հնարավորինս մաքուր և թափանցիկ ընտրություններ կազմակերպել՝ հրաժարվելով բյուջետային հատվածի աշխատողներին ընտրատեղամասեր տանելու՝ արդեն ավանդական դարձած գործելաոճից:

Պուտինի վարկանիշն, այդուամենայնիվ, շարունակում է բարձր մնալ, վերջինս չունի լուրջ մրցակից: «Լևադայի»՝ դեկտեմբերին անցկացրած հարցումների համաձայն, ռուսաստանցիների երկու երրորդը պատրաստ է իր ձայնը տալ գործող նախագահին: Ուշագրավ է, որ նոյեմբերի համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է՝ այն ժամանակ Պուտինին պատրաստ էր իր քվեն տալ հարցվածների միայն 53 տոկոսը:

ՌԴ հաջորդ նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին: Դա նաև Ղրիմի բռնակցան օրն է, որը Ռուսաստանում նշվում է որպես տոնական օր: Դեկտեմբերի 6- ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Բացի նրանից, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրնովսկին, Գրիգորի Լավլինսկին, լրագրող Քսենյա Սոբչակը:

Ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Վերջինիս, սակայն, Ռուսաստանի ԿԸՀ-ն չի գրանցի որպես թեկնածու, քանի որ նա դատապարտվել է հայտնի Կիրովլեսի գործով: Նշված թեկնածուներից ոչ մեկի վարկանիշը չի գերազանցում 8 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG