Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը Աթենքում առանձնազրույց է ունեցել Հունաստանի արտգործնախարարի հետ


Դեկտեմբերի 12-ին Աթենք պաշտոնական այցելությամբ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության, հանդիպումից հետո՝ նախարար Կոձիասի ուղեկցությամբ՝ Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով։

Էդվարդ Նալբանդյանի դասախոսությանը ներկա էին Հունաստանի արտգործնախարարության ղեկավար անձնակազմը, Աթենքում հավատարմագրված դեսպաններ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ։

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ հայ և հույն ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին։

ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստան - Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի առաջնորդող դերակատարությանը։

ՀՀ արտգործնախարարի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին, հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG