Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանին պետք է ներգրավել որպես մեղադրյալ». Զարուհի Փոստանջյան


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը «տիրապետել է չարաշահումների մասին տեղեկատվությանը», սակայն այդ մասին չի հայտնել իրավապահներին, և «ունենալով լծակներ» նաև «հովանավորել է» այդ ապօրինությունները։

Հետևաբար, ըստ Փոստանջյանի, պետք է քրեական գործ հարուցվի, իսկ Սերժ Սարգսյանն էլ պետք է գործում «որպես կասկածյալ ներգրավվի»։

«Ազատություն». - Տիկին Փոստանջյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, և որպես իրավաբան, փաստաբանական երկարատև գործունեություն իրականացրած անձ, Դուք այստեղ տեսնո՞ւմ եք հաղորդում հանցագործության մասին, հատկապես, որ արդեն իսկ հնչում են տեսակետներ, որ Գլխավոր դատախազությունը պետք է զբաղվի նախագահի այս հայտարարությամբ։

Փոստանջյան. - Ընդհանուր առմամբ, իհարկե, իրավապահ մարմինները պետք է արձագանքեն այս ժողովին ընդհանրապես և ժողովում հնչած հայտարարություններին։ Հասկանալի է, որ տարիներ շարունակ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է հովանավորը եղել այդ ապօրինությունների, ուղղակի հիմա հայտնում է, ինչ-որ սպառնալիք է հնչեցնում, հավանաբար ունի իր նպատակները՝ այդ սպառնալիքը, որ այլևս պետք է այլ ձև վարվի ինքը։ Սա սպառնալիք է ոչ միայն այդ գյուղապետերին, համայնքապետերին, այլ նաև այլ անձանց ևս, և այստեղ մենք պետք է փնտրենք պատասխանները։

«Ազատություն». - Այսինքն՝ իրավապահ մարմինները պետք է հետաքննե՞ն և պարզե՞ն, թե այդ ո՞ւմ մասին էր խոսում նախագահ Սերժ Սարգսյանը, ի վերջո 900 համայնք կա, և դժվար թե բոլորն էլ չարաշահումների մեջ թաթախված լինեն։ Արդեն ոմանք մատնացույց են անում Քրեական օրենսգրքի հանցագործության մասին չհայտնելու հոդվածը։

Փոստանջյան. - Եթե տարիներ շարունակ նա տիրապետել է այդ տեղեկատվությանը, իսկ դա այդպես է, նա հայտարարում է, հետևաբար, այո՛, նա իմացել է, չի հայտնել, բացի այն, որ նա իմացել և չի հայտնել՝ լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա, ունեցել է լծակներ, որով նաև հովանավորել է այդ ապօրինությունները, հետևաբար իրենից պետք է սկսի իրավապահ մարմինը աշխատանքը, նրան ներգրավի որպես մեղադրյալ և սկսի համապատասխան գործընթաց։

«Ազատություն». - Եթե, ինչպես Դուք եք ասում, նախագահը տեղյակ էր և նա էլ էր ասում, որ «մենք բոլորս գիտենք, թե ինչպես են չարաշահումները տեղի ունենում», ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ է նա ասում, որ Նոր տարուց հետո այլևս նման գործելաոճը չեն ներելու և պատժելու են։

Փոստանջյան. - Քանի որ Նոր տարով պայմանավորված է նաև իր ապագան, այդ ապագային միտված նա նաև այս հանձնարարություններն է, այսպես ասած, արձակում։ Հանձնարարություններն, իհարկե ուղղված չէին համայնքապետերին, գյուղապետերին կամ քաղաքապետերին, այդ հանձնարարականն ուղղված էր մեկ այլ քաղաքական մարմնին, դա կարծում եմ, խորհրդարանն էր, որ նաև խորհրդարանում են, համատարած են այդ անձինք։

«Ազատություն». - Ըստ Ձեզ, Սերժ Սարգսյանը սրանով զգուշացնո՞ւմ է իր քաղաքական թիմին և նաև իր մրցակիցներին, որ ինքն է լինելու վարչապետ, և եթե ոմանք փորձեն հակադրվել դրան, ապա այդ սպառնալիքները չներելու հետ կապված կարող են իրականությո՞ւն դառնալ, սա՞ եք ուզում ասել։

Փոստանջյան. - Կարծում եմ՝ այո՛, հենց այդպես է, և ուղղակի ավելի ստորին խավի առջև էր նա այդ հայտարարությունն անում, բայց, երբ նա այդ հայտարարությունն անում էր և հայտարարությունը դուրս էր նաև գրված տեքստից, արդեն հասկանալի էր, որ հիմնական թիրախը գյուղապետերը չէին։

Հիշեցնեն՝ այդ խորհրդաժողովի ժամանակ դիմելով համայնքապետերին՝ Սերժ Սարգսյանն ասել է․ - «Պետք չէ, որպեսզի մենք, այսպես ասած, լավություն անենք մարդկանց՝ ի հաշիվ մեր զարգացման: Ես շատ լավ հասկանում եմ, որ համայնքապետները մտածում են, որ վաղը, մյուս օրը ընտրություն է լինելու, չգիտեմ, որոշակի խնդիրներ և այլն: Հավատացեք, երբ մենք թուլություն ենք ցուցաբերում և, այսպես ասած, երկուսին լավություն ենք անում, չենք ուզում իրեն պարտադրել, որ իր հարկերը վճարի, ամեն ինչից բացի, դա հենց բացասաբար է անդրադառնում ընտրությունների վրա, որովհետև մնացածներն էլ տեսնում են, որ անարդարություն կա: Այդ մնացածներն էլ ընդհակառակը՝ դեմ են քվեարկում և ոչ թե կողմ»:

Փոստանջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG