Մատչելիության հղումներ

Սարչապետցիները շվարած են՝ իրենց հաշվին ջրագիծ են անցկացրել, մինչդեռ մեղադրվում են ջրագողության մեջ


Լոռու մարզի Սարչապետ համայնքի բնակիչները «Վեոլիա ջուր» ընկերության հետ ջրի կռիվ են տալիս։ Տասնամյակներ շարունակ ջրի երես չտեսած 30 ընտանիքներ իրենց ուժերով մոտ կես կիլոմետր երկարությամբ ջրագիծ են անցկացրել, ծախսեր արել, ջուրը տուն հասցրել, բայց ջրամատակարարման պարտավորությունն այս տարեսկզբից ստանձնած ընկերությունը եկել ու սպառնում է գյուղացիներին, որպես ջրագողերի, 150 հազարական դրամի չափով տուգանելու ու ջրազրկել:

Ձմռան կեսին կրկին անջուր մնալու վախից բնակիչները կորցրել են հանգիստը: «21-րդ դարում թեկուզ թշնամին ջուրը չի կտրի իրա թշնամու համար, բայց «Վեոլիա» ընկերությունն ուզում ա մեզ ջուր չտալ, տենց կլինի՞»,- տարակուսում են գյուղացիները:

2012 թվականին Ասիական զարգացման բանկից ստացված 400 միլիոն դրամով պոմպեր են տեղադրվել, ջրագիծ է անցկացվել՝ 2000 բնակիչ ունեցող Սարչապետ ջուր հասցնելու համար։ Սակայն գյուղի միայն կեսն է օգտվել այդ ծրագրից։ Խոստացել են, որ մյուս կեսի համար ծրագիրը կշարունակվի առաջիկա տարիներին։

Մասնագիտությամբ հիդրոտեխնիկ Գևորգ Բարոյանը հաշվարկում է ու նշում, որ մեծ ծախսերով գյուղ հասցված ջրի չնչին մասն են միայն ստանում բնակիչները։ Ավելին՝ ջրամատակարարման նախագծերով ջրագծերն անցկացվել են այն փողոցներում, որոնք ավելի քիչ են բնակեցված: Տներից շատերն անբնակ են, ասում է Ծովակ Բարոյանն ու շարունակում․ «30 կիլոմետրից ջուրը բերել հասցրել են ստեղ նասոսներով, շաբաթվա ընթացքում երեք անգամ են ջուր են մղում նասոսներով, իսկ մնացած ջուրը հետ է հոսում, գնում է։ Ու մենք ջրի կռիվ ենք տալիս, ցավալին դա ա»։

Անցած տարի հոկտեմբերից գյուղի երեք թաղամասերի 30 ընտանիք, որոնք չեն օգտվել պետության թանկարժեք ծրագրից, գյուղ բերված ջուրն իրենց միջոցներով են տներ հասցրել։ Տներին կից կառուցված դիտահորերում ջրաչափեր կան, մի քանիսն անգամ կապարակնիքներ ունեն։ Գյուղացիների պնդմամբ՝ մյուս կապարակնիքներն ընկերության տեսուչները մեկ շաբաթ առաջ են եկել ու պոկել ջրաչափերից՝ «գործն ապօրինի ցույց տալու և գյուղացիներին տուգանելու համար»։ Տուգանքի ընդհանուր չափը կկազմի մոտ 4,5 միլիոն դրամ։

«Եթե մենք անօրինական ջրօգտագործող ենք, «Վեոլիա» կազմակերպությունն ընչի՞ եկավ կնիքները դրեց, թող էն ժամանակ ասեր՝ ջուրը հիմա փակում եմ, մտածեք դրա մասին։ Հիմա հասել ենք ձմեռվա շեմին...ինչի՞ համար մենք պետք է էդ շտրաֆը մուծենք», - դժգոհում են սարչապետցիները:

«Վեոլիա ջուր» ընկերության Տաշիրի տեղամասի իրացման բաժնի պետ Արամ Մելքոնյանն «Ազատությանը» հեռախոսով ասաց՝ ընկերության կարգն է. ջուր ստանալու համար նախ բնակիչը պետք է ունենա ջրամատակարարի գրավոր համաձայնությունը: Սակայն չմեկնաբանեց, թե ինչպես են ջրաչափեր տեղադրվել ու կապարակնքվել առանց համաձայնության։ «Թող գյուղացիները պատասխան տան՝ ով ա ջրաչափերը դրել»,- ասաց Մելքոնյանը:

Իրավիճակից շվարած գյուղացիներն ուզում են օրինական բաժանորդ դառնալ, վճարել ջրաչափերում ամրագրված ծախսի դիմաց ու մարդավայել ապրել։ Հիշում են տուն ջուր հասցնելու հարցում նախկինում ունեցած դժվարությունները։ Այսօր էլ, գյուղի ավելի քան հարյուր ընտանիք մինչև մեկ կիլոմետր ճանապարհ է անցնում՝ գյուղի միակ առվից դույլերով, սայլերով կամ անգամ շալակած ջուր տանելու համար։

Ջրի գինը լավ իմացող գյուղացիները, ովքեր հայ-վրացական սահմանին են ապրում, այս կռվում չհաղթելու դեպքում պատրաստ են անգամ ծայրահեղ քայլերի դիմել․ «Միջպետական ճանապարհ կփակենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG