Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանի գործով վկանները «նույն շարադրանքով» և «հակասական» ցուցմունքներ են տալիս


Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ
Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

Անցյալ տարվա հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու մտադրության մեղադրանքներով կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին հարցաքննվող վկա Ժիրայր Սարգսյանի ցուցմունքից հետո Ղուկասյանը նկատեց՝ այս վկայի ցուցմունքը «նախադասություններով և շարադրանքով» համընկնում է նախորդ վկա Մհեր Կիրակոսյանի ցուցմունքի հետ:

4 տարի Պարեկապահակային ծառայության գնդում ծառայող վկան ասաց, թե չի տեսել՝ անձամբ ում կողմից, բայց լսել է ոգևորող բացականչություններ՝ ի պաշտպանություն ՊՊԾ գնդի տարածքում գտնվողների: Վկան նաև հավելեց՝ տեսել է, թե ինչպես են քարեր, փայտի կտորներ նետվում ոստիկանների ուղղությամբ, սակայն չի տեսել դրանք նետողներին: Ասաց, որ Անդրիաս Ղուկասյանին ևս Սարի թաղում չի նկատել:

Գործով մեկ այլ վկա՝ ՊՊԾ գնդում ծառայող ավագ սերժանտ Կարեն Հունանյանն էլ հայտնեց՝ հուլիսի 29-ին ոստիկանությանն օգնելու համար բարձրացել են Սարի թաղ, որտեղ անձամբ տեսել է քարեր նետողներին, բայց չի հիշում, թե ովքեր են եղել․ «Երբ հասանք Սարի թաղ, լարված իրավիճակ էր, քարեր էին գցում, աղբամաններ․․․»:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հարցին՝ քանի՞ հոգու են բերման ենթարկել, վկան պատասխանեց՝ չի հիշում, մեկ թե մեկից ավելի են եղել բերման ենթարկվածները: Մեկ այլ հարցին՝ արդյոք տեսե՞լ է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանին, վկան հակասական պատասխաններ տվեց: Սկզբում ասաց՝ չի տեսել, հետո հավելեց՝ չի հիշում: Վկայի պատասխանները զայրացրեցին դատավոր Վարդան Գրիգորյանին:

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը ևս մեղադրվում է այս գործով, բայց դատարանը նրան, ի տարբերություն Անդիրաս Ղուկասյանի, ամռանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել: Ըստ մեղադրանքի, Հովհաննիսյանը քարերով հարվածել է ոստիկաններին։

Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ պնդելով, որ Վարդան Գրիգորյանն անաչառ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG