Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքում միասնական կուսակցություն ստեղծելու քննարկումները չեն դադարել․ Մարուքյան


«Ելք» դաշինքում միասնական կուսակցություն ստեղծելու քննարկումները չեն դադարել, այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Հուշագրում գրված է, որ համատեղ գործունեության արդյունքում կսկսվեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ, և մեր դիրքորոշումը արտահայտված է հենց այդտեղ: Եվ այս ամենօրյա աշխատանքը «Ելք» դաշինքի մեր գործընկերների հետ, դա խոսում է այն մասին, որ մենք ամենօրյա պրոցեսի մեջ ենք իրար հետ աշխատելու, և այդ բանակցությունները, չգիտեմ՝ օգտատերը ոնց ա պատկերացնում, այսինքն մենք ուղիղ եթերում պիտի՞ սկսենք բանակցել, թե՞ ոնց պիտի բանակցենք՝ որ բոլորը իմանան, բայց էդ մեր ամենօրյա աշխատանքը էդ բանակցությունների մի մասն ա կազմում: Եվ կլինեն նաև ֆորմալ քննարկումներ նաև կուսակցությունների ներսում և կուսակցությունների դաշինքի խորհրդում․․․ Բայց դրան զուգահեռ բոլոր կուսակցությունները շարունակում են գործել՝ և՛ «Հանրապետություն» կուսակցությունը, և՛ «Քաղաքացիական պայմանագիրը», դա զարգացնում է դաշինքը իր ընդհանրության մեջ, և ցանկացած կուսակցության չգործել, դա կթուլացնի դաշինքին:

Դաշինքի հուշագիրը ստորագրելով, մենք չենք ստորագրել հուշագիր կուսակցությունները լուծարելու մասին: Մենք ասել ենք ՝ կսկսենք բանակցություններ: Այդ հնարավորությունը կա, այդ հնարավորությունը մենք տեսել ենք այն ժամանակհիմա էլ ենք տեսնում և բանակցությունների ընթացքում կգանք ընդհանուր եզրահանգման: Եթե մենք պարզենք, որ միասնական կուսակցություն ստեղծելը ավելի մեծ ու հզոր բան է, քան այսօրվա գործող «Ելք» դաշինքը, ուրեմն կգնանք այդ ճանապարհով: Այսինքն, էն ինչ որ խոսք ենք տվել՝ կսկսենք քննարկումներ, իմացեք, որ այդ քննարկումները առաջին օրվանից սկսված են», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, թե, ըստ «Ելք»-ի, այսօրվա իշխանությունները լեգիտի՞մ են, թե՞՝ ոչ, Մարուքյանն ասաց․ - «Միանշանակ չես կարող ասել այսօրվա իշխանությունները լեգիտիմ են, և միանշանակ չես կարող ասել, որ լեգիտիմ չեն։ Վերջին հաշվով մարդիկ գնացել և ընտրական տեղամասում ընտրել են»:

Մարուքյանն ասաց՝ այդ հարցն իր համար անհասկանալի շահարկվող հարց է։

«Ինչո՞ւ, որովհետև մենք շատ ենք ասել ապրիլի 2-ի արդյունքներով ձևավորվել է խորհրդարան, այդ խորհրդարանում Հանրապետական խմբակցությունը ստացել է 105 մանդատների 58-ը, իսկ Դաշնակցությունը՝ 7 մանդատ, 31 մանդատ՝ «Ծառուկյան» դաշինքը, 9 մանդատ՝ «Ելք» դաշինքը։ Տվյալ պարագայում մենք ունենք իրավիճակ, որ ընտրությունների ժամանակ չեն եղել տվյալների փոփոխություններ՝ լցոնումներ, պարկերի փոփոխություն, գողություններ տեղամասերում, ինչը նախկինում շատ է եղել, և եղել է հիմնական՝ ամենազանգվածային՝ ընտրակաշառքների բաժանում, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում, երկուսն էլ անօրինական են, երկուսն էլ օրենքով դատապարտելի են և պատժելի են։ Ընտրակաշառքների մասով քաղաքացիներից չենք կարողացել ստանալ ահազանգեր, այսինքն՝ վկայություններ, որոնց հիման վրա կպնդեինք, որ քրեական գործեր հարուցվեն։ Ունենք մի իրավիճակ, որ քաղաքացիներն իրենց մեջ՝ կոնսենսուսի արդյունքում՝ լուռ կոնսենսուսի՝ բոլորը դժգոհ են, բոլորը դեմ են իշխանություններին, իբր թե այդպիսի տպավորություն կա ինձ մոտ, բայց մարդիկ գնացել և քվեարկել են այնքան ձայն ՀՀԿ-ի օգտին, որքան, որ քվեարկել են։ Եվ, եթե նայենք օրինական է, թե՝ չէ, ընտրությունների կազմակերպումը եղել է շատ կազմակերպված, բայց փող բաժանելն օրինական չի կարող համարվել, և փող բաժանելու արդյունքում ձևավորված իշխանությունն ունի, բնականաբար, խնդիրներ օրինականության հետ կապված, բայց դու այդ խնդիրները կարող ես վիճարկել, եթե չկա կոնսենսուս դրա հետ կապված, իսկ քանի որ կա կոնսենսուս, ինչո՞ւ եմ ասում՝ կա կոնսենսուս, որովհետև չկան մարդիկ, ովքեր գալիս ու ասում են՝ «գիտեք, դեմ ենք փող վերցնելուն և հեսա հաղորդում ենք տալու իմ հարևան էսինչի դեմ, որ եկել, փող էր ինձ առաջարկում», այսինքն՝ փող տվողն ու վերցնողն իրար հետ համաձայնության մեջ են, և մեր աշխատանքն ուղղված է նրան, որ կարողանանք կոտրել այդ համաձայնությունը և քաղաքացիները հասկանան, որ հինգ տարին մեկ երկրի կառավարմանը մասնակցելու մեկ ձայնը շատ կարևոր է, և որևէ պարագայում, անգամ ամենածանր սոցիալ-տնտեսական պայմաններում չի կարելի այն դնել զոհասեղանին և զոհել, կամ վաճառել հանուն ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի խաթեր քվեարկել», - ասաց Մարուքյանը։

«Ֆեյսբուքյան ասուլիս»-ն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG