Հայաստանյան շուկայում դեռևս չի հայտնաբերվել առողջության համար վնասակար պլաստիկ բրինձ: Այս մասին այսօր, «Ազատության» հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
Օրեր առաջ քաղաքացի Նարինե Կիրակոսյանը «Ազատությանը» պատմել էր, որ երևանյան խանութներից մեկից բրինձ է գնել ու նկատել, որ այն տարօրինակ հոտ ունի: Նարինե Կիրակոսյանը պնդում է, որ բրինձը պլաստիկ է: Այս մասին քաղաքացին դիմում-բողոք էր ներկայացրել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, որտեղ տվյալ սնունդը լաբորատոր փորձաքննության է ենթարկել և, նախնական տվյալներով, պլաստիկ բրինձ չի հայտնաբերվել:
«Պարունակությունը ըստ էության օրգանական է, պոլիմերային որևիցե տարրեր չեն եղել, որովհետև թե՛ վառելիս, թե՛ ջրի մեջ պահելիս զննում է իրականացվել: Էական անհամապատասխանություն և վտանգ մարդու կյանքի համար չի եղել: Ինչ վերաբերում է հոտին, ենթադրում եմ, որ այդ սննդամթերքը կարող էր պահված լինել ոչ պատշաճ պայմաններում, որից կարող էր առաջանալ հոտը: Տվյալ արտադրողը, ում անունը տվել է տնտեսվարողը, որտեղից որ նմուշառում է իրականացվել, իր մոտ վերցրած բրնձի նմուշները և խանութում առկան չեն համապատասխանում: Այսինքն ներկրողի մոտ նորմալ բրինձ է եղել»:
Մինչդեռ Նարինե Կիրակոսյանն ասում է, որ երկու տարբեր տեսակի բրնձի հատիկներ 7 օր պահելով տուփերում, նկատել է, որ առաջին տեսակը բորբոսնել է, իսկ երկրորդի տեսքն անփոփոխ էր, ինչը և կասկածի տեղիք է տվել․ - «Վերջում դու զգում էիր ինչ-որ արհեստական հոտեր․․․ ֆորմալինի, նավթի հոտ անվանեմ, անհնար ա նկարագրել: Եթե ինքը չի բորբոսնում, ակնհայտ այստեղ ինչ-որ խախտման մասին կարելի է խոսել»:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը մատնանշում է այս դեպքը, ինչպես նաև օրերս «Հետք» պարբերականում հրապարակված ուսումնասիրության արդյունքը ներկրված սառեցված հավի մսի շուկայի վերաբերյալ:
«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Պիպոյանը ահազանգում է, թե սննդի ոլորտում ոչ պատշաճ պետական վերահսկողության հետևանքով տնտեսվարողները անկաշկանդ անորակ ու առողջության համար վնասակար սննդամթերք են վաճառում․ - «Հարկավոր է, որպեսզի սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցը խստագույնս իրականացմի իր աշխատանքը և կրի պատասխանատվություն: Որովհետև ընդամենը մեկ տարի առաջ վարչապետը շանտղություն էր որակում շուկան չվերահսկելը, և ասեց, որ խիստ հանձնարարականներն են եղել: Հիմա վարչապետը պետք է գիտակցի, որ նույն կերպ պատասխանատվության պիտի կանչի իր կողմից նշանակված կադրերին»:
Մինչդեռ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հակառակն է պնդում՝ վերահսկողությունը պատշաճ մակարդակով է տեղի ունենում․ - «Ոչ բոլոր փորձաքննություններն ու լաբորատոր արդյունքներն են հիմք հանդիսանում պետական վերահսկողության համար: Եվ ոչ բոլոր․․․ անհատի կողմից, հասարակական կազմակերպության կողմից, եթե ինքը ցանկություն ունի տանել լաբորատորիա որևիցե մի նմուշ և ենթարկել փորձաքննության, դա չի կարող հիմք հանդիսանալ վերահսկողության համար: Որովհետև այդ արդյունքները պետք է նախ հաստատվեն կամ հերքվեն, որից հետո միայն իրականացվեն պետական վերահսկողության միջոցառումներ: Եթե կլինի անհրաժեշտություն, ապա՝ նաև կասեցումներ»:
Հարցին, թե արդյոք սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախկինում մոնիթորինգ իրականացրել է սառեցված հավի մսի շուկայում, Իշխան Կարապետյանն արձագանքեց, թե 2018 թվականից միայն կսկսվեն իրականացվել համալիր մոնիթորինգային ծրագրերը:
Իսկ սառեցված հավի և բրնձի լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ չեն պարզվել: