Մատչելիության հղումներ

«Ժամանակն է, որ պաղեստինցիները ճանաչեն Իսրայելը», Նաթանյահու


Բենյամին Նաթանյահուն Բրյուսելում, 11-ը դեկտեմբերի, 2017 թ․
Բենյամին Նաթանյահուն Բրյուսելում, 11-ը դեկտեմբերի, 2017 թ․

Չորս օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և կարգադրել է տեղափոխել դեսպանությունը Թել Ավիվից:

Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Բրյուսելում հանդիպում է Եվրամիության արտգործնախարարներին: Նաթանյահուն Բրյուսելում պաղեստինցիներին հորդորել է ճանաչել հրեական պետությունը և Երուսաղեմը՝ որպես դրա մայրաքաղաք:

«Ժամանակն է, որ պաղեստինցիները ճանաչեն հրեական պետությունը և այն, որ այդ պետությունն ունի մայրաքաղաք՝ Երուսաղեմ անունով: Կարծում եմ, որ եթե նույնիսկ հիմա չունենք համաձայնություն, դա կլինի ապագայում: Հավատում եմ, որ եվրոպական երկրների մեծ մասը հետագայում դեսպանությունները կտեղափոխի Երուսաղեմ»,- ասել է Նաթանյահուն:

Սակայն, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հստակ ընդգծել է՝ Բրյուսելի մոտեցումն անփոփոխ է: «Մենք կշարունակենք հարգել Երուսաղեմի վերաբերյալ միջազգային հանրության համաձայնությունը՝ մինչև կողմերի անմիջական բանակցությունների եղանակով Սուրբ քաղաքի հարցի վերջնական լուծումը: Հուսով ենք, որ կողմերը միջազգային համայնքի օգնությամբ կսկսեն իմաստալից բանակցություններ»,- ասել է Մոգերինին:

Եվրոպական միությունը չի վերանայում դիրքորոշումը, ըստ որի՝ 1967 թվականին Իսրայելի գրաված տարածքները, այդ թվում Հորդանանի Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները, չեն համարվում միջազգայնորեն ճանաչված Իսրայելի սահմաններ: Ըստ Եվրամիության, հարցի լուծումը երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի խաղաղ և համատեղ գոյությունն ապահովելու մեջ է, և Երուսաղեմը պետք է լինի այդ երկու պետությունների մայրաքաղաքը:

Մինչդեռ Նաթանյահուն ասել է, թե խաղաղությունը հիմնվում է իրականությունը ճանաչելու վրա: Դա այն է, որ Երուսաղեմն է Իսրայելի մայրաքաղաքը: «Դա հայտնի է բոլոր նրանց, ովքեր այցելում են Իսրայել, տեսնում են, թե որտեղ է խորհրդարանը, կառավարությունը, նախագահի և վարչապետի գրասենյակները»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG