Մատչելիության հղումներ

Կիևի դատարանը քննում է Սաակաշվիլիի խափանման միջոցի հարցը


Սաակաշվիլին դատարանի դահլիճում, 11-ը դեկտեմբերի, 2017թ.
Սաակաշվիլին դատարանի դահլիճում, 11-ը դեկտեմբերի, 2017թ.

Կիևի Պեչորսկի շրջանի դատարանում լսվում է Միխեիլ Սաակաշվիլիի խափանման միջոցի հարցը, այսինքն՝ նրան կալանքի տակ պահելու, կամ ազատ արձակելու հարցը։ Սաակաշվիլին դատարանի շենքում է։

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության ուղիղ հեռարձակումները ցույց են տալիս, որ դատարանի դահլիճը լեփ-լեցուն է տեսախցիկներով և լրագրողներով։

Դատավորը ընդմիջում է հայտարարել, որպեսզի Սաակաշվիլին շփվի մամուլի ներկայացուցիչների հետ, հայտարարություններ անի։ Նա խոսում է դահլիճի անկյունում հատուկ ապակիներից պատրաստված խցից։

«Մենք կճեղքենք, մենք անպայման կհաղթենք։ Մեզ պետք չէ անկայունություն, մենք պետք է հանգիստ վարենք քաղաքական գործընթաց՝ քաղաքակիրթ, ժողովրդավարական, եվրոպական ճանապարհով», - ասել է Սաակաշվիլին։

Նա նաև հայտարարել է, որ ինքը օլիգարխիկ ռեժիմի գերին է։

Լրագրողներից բացի քչերին է հաջողվել մտնել դատարանի դահլիճ։ Դահլիճում է նաև Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը։

Հարյուրավոր մարդիկ դրսում են, ոստիկանությունը շրջափակել է դատարանի շենքը, Ուկրաինայի Գերագույն Ռա դայի անկախ պատգամավոր Յուրի Դերևյանկոն դատարանի շենքի մոտ հավաքվածներին ասել է, որ չնայած Սաակաշվիլին արդեն երեք օր հացադուլի մեջ է, բայց իրեն լավ է զգում, առույգ է և շարունակում է իր պայքարը «կոռուպցիոներների և բանդիտների» դեմ։

Նոր ուժերի շարժման առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 8-ի երեկոյան և տեղափոխվել Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարան, որտեղ նա հացադուլ է հայտարարել։

Դատախազությունը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ դատարանին խնդրելու է Սաակաշվիլիի նկատմամբ տնային կալանք սահմանել։

Նախօրեին հազարավոր մարդիկ Կիևի կենտրոնում Սաակաշվիլիին ազատ արձակելու և երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյին իմփիչմենթ հայտարարելու պահանջով հանրահավաք անցկացրեցին։

Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին մեղադրում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանցավոր խմբի աջակցությամբ Ուկրաինայում հեղաշրջում ծրագրելու մեջ։ Յանուկովիչն իր իշխանության տապալումից հետո 2014 թվականին փախել է Ռուսատան։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Սաակաշվիլիի բողոքի ակցիաները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դավադրության մաս են կազմում, չնայած Վրաստանի նախկին նախագահը, Օդեսայի նախկին նահանգապետը հայտնի է իր հակառուսական հայացքներով և քաղաքականությամբ։

Եթե մեղադրանքները հաստատվեն Սաակաշվիլին 3-ից 5 տարի ազատազրկում է սպառնում։ Սաակաշվիլին կտրուկ հերքում է այս մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG