Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը «հետևողականորեն հալածվում է իշխանությունների կողմից»


Գևորգ Սաֆարյանը դատարանում, արխիվ

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Գևորգ Սաֆարյանը հետևողականորեն հալածվում է իշխանությունների կողմից:

20 օրից ավարտվում է ընդդիմադիր ակտիվիստի՝ «տոնածառի» գործով երկու տարվա պատժաչափը, բայց նա ազատ չի արձակվի. նախօրեին դատարանը որոշեց Սաֆարյանին կալանավորել Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի հիշում նախադեպեր, երբ պատիժը կրող մարդու նկատմամբ նոր կալանք է կիրառվում․ - «Եզակի դեպքերից է․․․ Թե ինչ կարող էր անել այդ լուսավոր, պայծառ երիտասարդը, որ խոցեր այդքան այս իշխանություններին, և նրանք որևէ կերպ չկարողանային այդ մաղձից ազատվել․․․ Սա բացահայտ քաղաքական հետապնդում է, Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է, և բարձրագույն իշխանության կողմից ցուցումով երեք ատյանները կատարել են իջեցված քաղաքական պատվերը»:

Մեկ այլ իրավապաշտպան՝ Արթուր Սաքունցը պնդում է, որ Գևորգին կալանավորելու հարցին դատարանը պետք է անդրադառնար հունվարի 1-ից հետո միայն, երբ տեսներ, որ դրա անհրաժեշտությունը կա․ - «Մարդը գտնվի ազատության մեջ, և ելնելով նրա վարքագծից, նոր կարող էին որոշում կայացնել: Ասենք թե խուսափի նախաքննության մարմնից․․․ Մինչ այդ էլ Գևորգ Սաֆարյանը ոչ մի քայլ չի կատարել՝ թողնելու Հայաստանի Հանրապետությունը, թաքնվելու: Ընդհակառակը, նա իր հրապարակային գործունեությունը շարունակում էր: Գևորգ Սաֆարյանի նկատմամբ այն, ինչ որ տեղի ունենում, իշխանությունների կողմից այդ գործողությունները, դա աննախադեպ է իհարկե, որովհետև ակնհայտորեն չեն ցանկանում, որպեսզի Գևորգ Սաֆարյանը գոնե մեկ օր գտնվի ազատության մեջ: Գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»:

Իրավապաշտպանը հիշեցնում է, որ 2014 թվականին Գևորգ Սաֆարյանը դաժան հարձակման ենթարկվեց Երեւանի կենտրոնում: Այս երկու տարիներին էլ նրա նկատմամբ ճնշումներ էին գործադրվում կալանավայրում, մի քանի ահազանգեր հնչեցին․ - «Օգտագործելով քրեական աշխարհի ներկայացուցիչներին, որոնց ուղղությամբ որևէ քննություն նույնպես չի իրականացվել»:

Բազմաթիվ ընդդիմադիրների դատած առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գևորգ Սաֆարյանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման՝ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Վճիռը նույնն էր թողել Վերաքննիչ դատարանը, իսկ օրեր առաջ Սաֆարյանի բողոքը մերժեց վերջին՝ վճռաբեկ ատյանը:

Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ - «Հայաստանի Հանրապետության դատարաններում մենք չկարողացանք արդարություն հայցել, և ակնհայտ արդար անձը քաղաքական նկատառումներով երկու տարի ազատազրկում կկրի, և որ Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է, ավելի քան հաստատվում է այս հանգամանքով»:

Տիգրան Հայրապետյանը և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը շեշտում են, որ մեղադրանքի հիմքում միայն ոստիկանների ցուցմունքներն են։

«Գործի առանձնահատկությունը նա էր, որ ոստիկանների ցուցմունքը հերքվում էր տեսանյութով: Այսինքն, այստեղ ակնհայտ էր, որ ոստիկանների ցուցմունքները ակնհայտ չի համապատասխանում իրականությանը: Սա դասական պատվիրված և պատվերը մինչև վերջ հաջողությամբ ավարտած գործ էր, որը աննախադեպ անկում մտցրեց դատական համակարգի մեջ», - ասաց փաստաբանը:

«Ոստիկանի ցուցմունքով մարդուն պահել կալանքի տակ, սա խայտառակ բան է: Եվրոպայի խորհուրդը անընդունելի է համարում միայն ոստիկանների ցուցմունքով մարդուն ուղղակի կալանքի տակ պահելը: Եվ ամբողջ դատավարությունը ցույց էր տալիս, թե ինչ ապօրինություն է ոստիկաններին արտոնյալ կարգավիճակում պահելը, խրախուսելը հանրապետության բարձրագույն իշխանության կողմից», - նշեց Ալեքսանյանը:

Ամանորի գիշերը իրավապահներն ընդդիմադիրներին արգելել էին տոնածառ բերել Ազատության հրապարակ, ուժ էին գործադրել: Ակտիվիստ Վահրամ Պետրոսյանն ինքն էր հանցագործության մասին հաղորդում տվել, որ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, բայց գործը կարճվեց․ - «Ուղղակի արդարադատության համակարգը օգտագործվում է իշխանության դեմ հանդես եկող բոլոր ուժերին մեկուսացնելու, ճնշելու, պատժելու համար: Եվ այդ օրը ուղղակի ոստիկանական ստորաբաժանման կողմից հարձակում էր տեղի ունեցել խաղաղ քաղաքացիների վրա, որոնք որոշել էին ուղղակի Ամանորը տոնել հրապարակում: Հարձակում էր, որը ուղեկցվում էր ծեծով, հայհոյանքներով: Այդ ամեն ինչի տեսագրությունը կա, սակայն մեր արդարադատությունը կույր է, և չի ուզում այդ ակնհայտ փաստերը տեսնել»:

Այն ժամանկվա օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ոստիկանապետին ուղղված գրությունում նկարագրել էր միջադեպն ըստ տեսանյութի․ «․․․ոստիկանության առանձին ծառայողներ ձեռքերով և ոտքերով հարվածում են քաղաքացիներին (նրանց թվում նաև՝ Գևորգ Սաֆարյանին), իսկ ոստիկաններից մեկին՝ գործով տուժող Գեղամ Խաչատրյանին, մյուս ոստիկանները պարբերաբար հեռացնում են միջադեպի վայրից, սակայն նա կրկին վերադառնում և հարվածում է քաղաքացիներին»։

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունն ուղիղ պահանջ էր դրել իշխանությունների առջև՝ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակել ու քննել ոստիկանների վարքագիծը: Այս գործով որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել:

«Տոնածառի պատմությունը իրոք ծիծաղել է: Եվ հենց էսպիսի գործերով ցույց են տալիս, թե դատաիրավական համակարգը ինչ վիճակում է Հայաստանում: Երկրի նախագահը, օրինակ, որը արդարադատության երաշխավորն է Հայաստանի Հանրապետության, եթե նա բացահայտ այս կեղծիքը, ապօրինությունը հանդուրժում է, նշանակում է այս երկրում որևէ բան չի կարող փոխվել, և մենք չենք կարող նրա որևէ խոսքին հավատալ», - ասաց Ժաննա Ալեքսանյանը:

XS
SM
MD
LG