Մատչելիության հղումներ

Մոսկվայում բացվել է «Սուպերպուտին» խորագրով ցուցահանդես


Արվե՞ստ թե քաղաքականություն՝ Ռուսաստանի նախագահական ընտրություններին ընդառաջ Մոսկվայում բացվել է «Սուպերպուտին» խորագրով ցուցահանդես: Կազմակերպիչները վստահեցնում են, թե ցուցահանդեսը քարոզչական նախագիծ չէ, այլ ընդամենը արվեստ առանց քաղաքականության, որի միջոցով ներկայացվում է ողջ ճշմարտությունը Վլադիմիր Պուտին անունով անձի մասին:

Ուշագրավ է, սակայն, որ ցուցահանդեսը բացվել է հենց այն օրը, երբ ՌԴ առաջնորդը հայտնել է նախագահական ընտրություններին չորրորդ անգամ մասնակցելու մտադրության մասին: Պուտինը սահադաշտում հոկեյ խաղալիս, կարատեիստ Պուտինը մրցակցին գետնին տապալելիս, Պուտինը շան հետ, Պուտինը վագրին գրկած, Պուտինը ձիու վրա, Պուտինը «պուտինբլաստերով», Ռուսաստանի նախագահի կենսագրությանը վերաբերող գեղարվեստական, սյուռեալիստական այս գործերում Պուտինը միշտ սուպերհերոս է:

«Սուպերպուտին» ցուցահանդեսի գաղափարը պատկանում է Մոսկվայի պետական համալսարանի ուսանող Յուլիա Դյուժևային: «Բոլոր նկարիչները դրական են տրամադրված Վլադիմիր Վլադիմիրովիչի անձի նկատմամբ: Բացի այն, որ Պուտինը նախագահ է, նա նաև մարդ է՝ իր նախասիրություններով, բնավորությամբ: Օրինակ՝ կենդանիների նկատմամբ նրա վերաբերմունքը: Դուք երևի միայն լսելով չէ, որ գիտեք՝ նա իսկապես կենդանիների պաշտպան է: Նա նաև երկրաբանական համայնքի նախագահն է»,- ասում է Դյուժևան:

Երբևէ ցուցահանդեսային գործունեությամբ չզվաղված ուսանողուհուն հաջողվել է իր ցուցահանդեսը կազմակերպել Մոսկվայի ամենահեղինակավոր ու մոդայիկ հարթակներից մեկում՝ «Artplay» դիզայնի կենտրոնում: Ցուցահանդեսի նյութական մասն ապահովել է Արխանգելսկի նախկին քաղաքապետ Ալեքսանդր Դոնսկոյը, ով քաղաքապետ աշխատելու տարիներին երկու անգամ դատապարտվել է ՝ պաշտոնական դիրքի չարաշահման և դիպլոմ կեղծելու համար:

«Այս ցուցահանդեսն ինձ համար ակտ է առ այն, որ Պուտինը հավերժ է և պետք է համակերպվել դրա հետ: Կարող ես ընդդիմանալ, գլուխդ խփել պատերին, սակայն իմ փորձը ցույց է տալիս, որ դա ապարդյուն է՝ կյանքդ կփչացնեն, կազատազրկեն, տարբեր բաներ կարող են անել»,- ասել է նախկին քաղաքապետը:

Ցուցահանդեսում երկու տասնյակ կտավներ, կոմիքսներ և քանդակներ են ներկայացված: 30 նկարիչներ արարել են իրենց նախագահին: Պուտինի գիպսե կիսանդրին, ինչպես ժամանակին Լենինինը, կարելի է գտնել ցանցակացած դպրոցական սենյակում: Պուտինը սպիտակ, Պուտինը կապույտ, Պուտինը կարմիր. արդեն երեք նախագահական ժամկետ Պուտինը Ռուսաստանում փոխում է ինքն իրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG