Մատչելիության հղումներ

Կիևի դատարանն այսօր կորոշի Սաակաշվիլիի խափանման միջոցի հարցը


 Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ակնկալվում է, որ այսօր Կիևի դատարանը կորոշի Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի խափանման միջոցի հարցը:

Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ պահանջելու է տնային կալանք սահմանել ընդդիմադիր գործչի նկատմամբ:

Մինչ այդ՝ երեկ, Սաակաշվիլիի հազարավոր աջակիցներ բողոքի ցույց անցկացրին Կիևի կենտրոնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին ու նախագահ Պետրո Պորոշենկոյի իմփիչմենթի գործընթաց սկսել:

Բողոքի ցույց Ուկրաինայում ի պաշտպանություն Սաակաշվիլիի, 10-ը դեկտեմբերի, 2017թ.
Բողոքի ցույց Ուկրաինայում ի պաշտպանություն Սաակաշվիլիի, 10-ը դեկտեմբերի, 2017թ.

«Պահանջում ենք փոխել համակարգն ու ազատ արձակել Սաակաշվիլիին, սա արդեն վերջին կաթիլն էր, համբերության բաժակը լցված է», - «Ազատության» ուկրաինական ծառայությանն ասել է ցուցարարներից մեկը:

Երթով շարժվելով դեպի խորհրդարան՝ ընդդիմադիրները չորս պահանջ են ներկայացրել Գերագույն Ռադայի պատգամավորներին՝ անվստահություն հայտնել նախագահ Պետրո Պորոշենկոյին, հակակոռուպցիոն դատարան ստեղծել, ընդունել ընտրությունների մասին նոր օրենքն ու պաշտոնանկ անել գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին:

«Ուկարինա, ոտքի կանգնի՛ր», - կոչ էին անում նրանք՝ հեռակա աջակցություն հայտնելով Կիևի մեկուսարանում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին:

Նոր ուժերի շարժման առաջնորդը ձերբակալվեց անցած ուրբաթ՝ ուշ երեկոյան, և, ըստ փաստաբանի, արդեն երրորդ օրն է՝ գտնվում է հացադուլի մեջ:

Գլխավոր դատախազությունը պնդում է, թե Սաակաշվիլին Ուկրաինայում իշխանափոխություն է ծրագրել` ռուսների աջակցությունը վայելող հանցավոր խմբերի, այդ թվում` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր օլիգարխների աջակցությամբ։

Սաակաշվիլին կտրականապես հերքում է մեղադրանքներն ու կոչ անում աջակիցներին՝ ազատել Ուկրաինան կոռումպացված պաշտոնյաներից:

«Իշխանություններն անցան կարմիր գիծը», - երեկ՝ միանալով ցուցարարներին, հայտարարեց Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը:

Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆս դեկտեմբերի 10-ի ցույցի ժամանակ
Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆս դեկտեմբերի 10-ի ցույցի ժամանակ

«Անհրաժեշտ է անպայման նախագահ Պորոշենկոյին հասկացնել, որ քաղաքականությունը բիզնես չէ, մարդիկ էլ՝ ապրանք չեն», - հայտարարում էր Վրաստանի նախկին առաջին տիկինը՝ ակնարկելով Ուկրաինայի նախագահի գործարար անցյալը:

Ի դեպ, «Ասոշիեյթիդ Փրես»-ի հաղորդմամբ, երեկվա ցույցի ընթացքում մի խումբ ակտիվիստներ շրջափակել են Պորոշենկոյին պատկանող «Ռոշեն» ընկերության խանութը, ոմանք անգամ քարեր են նետել ու կոտրել ցուցափեղկերը:

Ընդդիմությունը պնդում է, թե շարունակելու և սաստկացնելու է բողոքի այս ալիքը առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG