Մատչելիության հղումներ

Գյումրին կունենա իր բրենդը


Գյումրի քաղաքն այսուհետ իր բրենդը (ապրանքանիշը) կունենա: Այսօր սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով Գյումրիի բրենդինգն իրականացրած Deem Communications PR և մարքենթինգային ընկերությունը ներկայացրեց Գյումրիի բրենդի իրենց տարբերակը:

Քաղաքի բրենդավորումը հեշտ գործ չի եղել, քանի որ դժվար է եղել ընտրել լավագույն տարբերակը: Չէ՞ որ երբեմն «հայրաքաղաք» անվանվող Գյումրին մեծ բանաստեղծների և արտիստների, հումորի, արվեստի ու արհեստի, ինքնատիպ ճարտարապետության և չեմպիոնների քաղաք է: Գյումրեցիներն իրենց քաղաքն ասոցացրել են Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Շիրազի, Արթուր Ալեքսանյանի, Տիգրան Համասյանի, Պոլոզ Մուկուչի, «Բամբիռ» ռոք խմբի ու Գյուրջիևի հետ:

«Գյումրի» անվանումն անգլերենով տառ առ տառ բացել են, ամեն մի տառը համապատասխանեցրել են մի խորհրդանիշի: 6 տառ, 6 այսպես ասած՝ շերտ է պարունակում իր մեջ Գյումրիի բրենդը՝ սև ու կարմիր գույների համապատկերում: Առաջին՝ G տառի համար ճարտարապետությունն է ընտրվել, դրան համապատասխան՝ պատկերվել է «Սև բերդը»: Երկրորդը չեմպիոնների քաղաք լինելու հանագմանքն է: Երրորդ տառն ասոցացվել է գարեջրի հետ, չորրորդը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն են, հինգերորդը՝ արհեստներն ու արվեստը, և վերջապես՝ վեցերորդ տառը խորհրդանշում է հումորը:

Deem Communications PR և մարքենթինգային ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը խոստովանում է՝ դժվար էր ընտրություն կատարելը: «Դժվար էր, քանի որ ինքը շատ խորն է: Եթե մենք սկսենք հումորից, բայց մտնում ես քաղաք ու չես տեսնում էդ հումորն ուր է: Այսինքն՝ մենք պետք է առաջարկենք: Ցանկացած ռեստորանում բացում ես մենյուն, առաջին էջը պետք է անեկդոտ լինի, WiFi-ի գաղտնաբառը պետք է ինչ որ հումորային բան լինի, որ մարդիկ հարցնեն: Այսինքն՝ արդեն քաղաքը թելադրում է»,- ասում է Նիզիբլյանը:

Նախաձեռնողները մի քանի հետաքրքիր կոնցեպտ են ներկայացրել այն մասին, թե ինչպես կարող են Գյումրիի բերդի խորհրդանիշն օգտագործել զբոսաշրջիկներին հրապուրելու համար: Մեկ այլ օրինակ՝ հումորի մայրաքաղաք համարվող Գյումրիում առաջարկում են փողոցներում հետիոտների անցումներին գրառել՝ «Ծո ի՞նչխ ես»: Ի՞նչ կտա դա քաղաքի զարգացման համար, հարցրինք Րաֆֆիին: «Արդեն երևում է Գյումրիի զարգացման ուղղին՝ օդանավակայանը, ճանպարհը և արագընթաց գնացքը: Հիմա մնում է տեսնենք գյումրեցին՝ հենց քաղաքացին ինչ է ասելու»,- պատասխանեց Deem Communications PR և մարքենթինգային ընկերության տնօրենը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չցանկացավ գնահատական տալ այս նախաձեռնությանը, ասելով, թե դեռ շտկումներ կարող են լինել: «Ես մասնագետ չեմ, որ ասեմ՝ վայ էս ինչ լավ բան են ստացել: Պետք է մասնագետների հետ շարունակել աշխատել, որովհետև սա ընդամենը կարծիքների ընդհանուր հավաքագրում էր, շնորհանդես, որ սրա վրա շարունակենք աշխատել»,- ասաց քաղաքապետը:

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կարծիքով էլ՝ գյումրեցուն բնորոշող որոշ խորհրդանիշեր ներկայացված կոնցեպտում բացակայում են: «Ես ինչքան խոսել եմ՝ ինձ թվացել է, թե մարդկանց մոտ տպավորությունն այն է, որ հյուրընկալ քաղաքի սիմվոլն է ուտել-խմելը, քաջերի ու ուժեղների, լոպազների, պերճախոսների ու երգիծաբանների քաղաքն է: Ինձ թվում է՝ կամեցել են պարզ լուծում գտնել, բայց ստացվել է պարզունակ լուծում: Չեմ ուզում թերագնահատել այդ մարդկանց աշխատանքը, ուղղակի էս հարցերում, կարծում եմ, դատավորը ժամանակն է»,- ասաց Բարսեղյանը:

Րաֆֆի Նիզիբլյանն այսօր ասաց նաև, որ իրենք պարզել են՝ երևանցի զբոսաշրջիկը Գյումրիում պատրաստ է օրը 15 հազար դրամ ծախսել, իսկ արտերկրից եկածները, «բնականաբար» ավելի շատ: Բրենդը լավ ներկայացնելու դեպքում, վստահ է՝ շատերը կայցելեն Գյումրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG