Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը Մոսկվայի օդանավակայանում ենթարկվել է զննության


Հայաստանի Ազգային ժողովի նախագահը մոտ մեկ ամիս առաջ, Դուշանբեից Երևան վերադառնալիս, Մոսկվայի օդանավակայանում զննության է ենթարկվել ռուսաստանցի սահմանապահների կողմից: Քանի որ թռիչքին քիչ ժամանակ էր մնացել, ուստի Արա Բաբլոյանը ինքն է որոշել է անցնել սովորական ընթացակարգով:

Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի աշխատակազմի Հանրային կապերի վարչություն պետ Արսեն Բաբայանը․ - «Անվտանգության ստուգատեսը անցնելու ընթացքում Ազգային ժողովի նախագահը ընդհանուր կանոնով հանեց իր վերարկուն, հանեց իր գոտին, հանեց իր ժամացույցը, անցավ մետաղաորսիչ սարքի միջով, արագ հագնվեց, գոտին կապեց, և մտանք ինքնաթիռ»:

Այն որ Հայաստանի երկրորդ պաշտոնյան զննության է ենթարկվել դաշնակից Ռուսաստանի մայրաքաղաքում, հանրությունը տեղեկացավ միայն շաբաթներ անց, այն էլ՝ ընդդիմադիր պատգամավորի շուրթերից:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով նույնպես եղել է Դուշանբեից Երևան վերադարձող հայաստանյան պատվիրակության կազմում և վերոնշյալի ականատեսն է եղել, երկու օր առաջ Ազգային ժողովի նիստի ընթացքում, որն անցնում էր Բաբլոյանի նախագահությամբ, հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարին Մոսկվայում «խուզարկել է ինչ-որ մի սերժանտ», այնուհետև դիմելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ պարզաբանում պահանջեց տեղի ունեցածի կապակցությամբ․ - «Ամբողջ ուղևորների դեմ Հայաստանի Հանրապետության անցումային կետում, հասկանում եմ, որ ուրիշ պետության սահման ենք հատում, պետք է ենթարկվենք էդ պետության օրենքներին, բայց լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, անցումային կետում խուղարկում են իմ երկրի երկրորդ դեմքին․ գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ մի սերժանտ․․․ Մի քիչ տհաճ ա: Վերջիվերջո, չկա՞ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի: Վոլոդինը եթե գա Հայաստան, ձեռների վրա կճանապարհեն, ոչ թե ռեմենը կհանեն․․․»:

Պատգամավորին խոստացան, որ արտգործնախարարը կպատասխանի:

«Ազատությունը» հարցում էր ուղարկել Ազգային ժողովի նախագահի անունով՝ խնդրելով ներկայացնել, թե ինչ ընթացակարգ է գործում, երբ Հայաստանի երկրորդ պաշտոնյան մեկնում է արտերկիր, որքանո՞վ է պահպանվել խորհրդարանի նախագահի համար նախատեսված ընթացակարգը և, ի վերջո, ի՞նչ գնահատական ունի Արա Բաբլոյանը Մոսկվայում տեղի ունեցածի կապակցությամբ:

Մեր հարցերին, սակայն, պատասխանեց Արսեն Բաբայանը, ում խոսքով՝ «միջազգային չափանիշներով, ընդհանրապես, բոլորը ինքնաթիռ մտնելուց պետք է ենթարկվեն ստուգման», և որ Արա Բաբլոյանի հետ տեղի ունեցածը ոչ թե խուզարկություն էր, այլ զննություն՝ մետաղաորսիչ սարքերի միջոցով․ - «Մենք Ռուսաստանի Դաշնություն այց չունեինք: Մոսկվա քաղաքը մեզ համար տարանցիկ քաղաք էր, ընդհանրապես էդ երկիր մուտք էլ չկար: Ուղղակի, հաշվի առնելով ժամային տևողությունը, եթե մենք գնայինք այլ ընթացակարգով, ուղղակի չէինք հասցնի ինքնաթիռին և կմնայինք Մոսկվայում»:

«Ազատության» հարցին, թե արդյոք անգամ տարանցման դեպքում որևէ արարողակարգ նախատեսված չէ՝ դիմավորում, ճանապարհում, Բաբայանն արձագանքեց․ - «Դրանք արարողակարգային միջոցառումներ են: Եթե մենք ունենայինք ժամանակ, անպայման մեր դեսպանատան միջոցով կտեղեկացվեր Ռուսաստանում մեր ներկայացուցիչը, կամ Ռուսաստանի համապատասխան ծառայությունները, և Ձեր նշած ընթակարգը հնարավոր էր ունենալ: Բայց այդ դեպքում մենք կուշանայինք ինքնաթիռից»:

Հարցին, թե ինչու նախապես չի արվել այդ ամենը, Բաբայանը պատասխանեց․ - «Ի սկզբանե դա արվել է: Որովհետև գնալիս հենց Ձեր ասած ճանապարհով ենք գնացել: Վերադառնալիս, ոչ մեր պատճառով, տաջիկական ավիաընկերության պատճառով, ուշացման հետևանքով փոխվել է որոշումը՝ անցնել սովորական ընթացակարգով, որպեսզի չուշանանք ինքնաթիռից»:

«Ազատության» հարցին՝ թե արդյոք Արա Բաբլոյանը նորմալ է վերաբերվում, որ Հայաստանի երկրորդ դեմքը պետք է նման ընթացակարգով անցնի օտար պետության տարածքով, Արսեն Բաբայանը պատասխանեց․ - «Պարոն Բաբլոյանը նորմալ է վերաբերվում, նաև ցանկություն ունի, որպեսզի տեսնի, թե օտար պետությունների օդանավակայաններում ինչպես են սպասարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»:

Մինչդեռ,երեկ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԱԺ նախագահի հետ Մոսկվայում տեղի ունեցածին, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ տեղի ունեցածին ուշադրություն են դարձնելու, որովհետև պետությունների միջև պետք է գործի փոխադարձության սկզբունքը․ - «Այդ տեսակետից մենք հետամուտ ենք լինելու»:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը՝ Ռուսաստանի արտգործնախարարության միջոցով նախկինում կարգադրություն էր ուղարկում օդնավակայան, և հայաստանյան պաշտոնական պատվիրակությունները անցնում էին հատուկ սրահով, ուր զննության չէին ենթարկվում․ - «Եթե Հայաստանի արտգործնախարարությունը կամ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը կարգադրություն ուղարկեր արտգործնախարարության միջոցով, ապա ամբողջ պատվիրակությունը կգնար, այսպես ասած, օֆիցիալ ճանապարհով, և որևէ զննում, որևէ էդպիսի պրոցեդուրա անվտանգության հետ կապված չէր անցնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG